|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 35-րդ ամյակին նվիրված միջոցառում։
Մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կուսակցական ընկերներ, երիտասարդներ: Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով, հնչեց Հայ Յեղափոխական Դաշնակցության քայլերգը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:
Միջոցառմանը ելույթով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչպես նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության տարբեր սերունդների ներկայացուցիչներ։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր շնորհավորական ուղերձում նշեց․
«35 տարին շատ լուրջ ճանապարհ է և ինչպես ասվեց՝ շատ կայացած քաղաքական ուժեր անգամ այդքան տարի չեն գոյատևում և այս առումով մենք իսկապես միշտ խոսում ենք մեր տարիքի մասին և անդրադառնում նրան, որ այդ տարիքը մեզ չի մեծացնում, այլ երիտասարդացնում է ևՆԱՈւՄ-ը դրա ամենալավ ապացույցն է: Դաշնակցությունը 135 տարեկան է, բայց ունի ՆԱՈւՄ, որ 35 տարեկան է և գնալով ավելի երիտասարդանում է: Դաշնակցության կենսունակության և ՆԱՈւՄ-ի նաև կենսունակության ֆենոմենը, գաղտնիքը հենց դրանում է: Դաշնակցությունը կարողացել է իր ամբողջ կենսագրության մեջ մեկտեղել թե՛ փորձը, թե՛ երիտասարդական ավյունը, թե՛ ուժը, թե՛ միտքը, և մեր արժեհամակարգն էլ հենց դրա վրա է ձևավորված․․․
Մեր կենսունակության գաղտնիքը կարելի է փնտրել հենց մեր զինանշանի մեջ, որ թե՛ բահն է, թե՛ սուրը, թե՛ գրիչը, և շատ ճիշտ են արել ՆԱՈւՄ-ը ստեղծողները, երբ վերցրել են այդ զինանշանից գրիչն ու սուրը, և հավատարիմ են մնացել հենց այդ խորհրդին, որովհետևթե՛ միտքը, թե՛ ուժը, թե՛ ավյունը երիտասարդական կարողացել են մեկտեղել, և պատահական չէ, որ Դաշնակցության հիմնադիրները հենց ուսանողներ են եղել, որովհետև մեր ուժը եղել է բանիմաց, կրթված, ուսում ստացած երիտասարդը, ևնա է, որ ապագա է կերտում, նա է, որ կարողանում է տեսնել օրվա հրամայականը, տեսնել ձևերը և մեթոդները, ինչպես իր կյանքը արժևորի և իմաստավորի»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ Դաշնակցությունը, որտեղ որ կայացել է, այնտեղ միշտ իր կողքին ունեցել է ՆԱՈւՄ-ի նման երիտասարդական կառույց։ Ուսանողական միությունները Դաշնակցության համար եղել են կադրերի դարբնոց։
«Այս կառույցը, իսկապես, երկար տարիների դեռ անելիք ունի, իր ժառանգությունը գիտակցում է, իր առաքելության տերն է և միայն կարող ենք մաղթել հաջողություն, մաղթել երկար տարիների աշխատանք․․․Այսօր էլ Հայաստանը և հայությունը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ, և ես վստահ եմ, որ ՆԱՈւՄ-ի նման կառույց ունեցող Հայ Հեղափոխական Դաշնակցությունը միակամ համոզումով հաղթահարելու է նաև այս դժվարությունները մեզ բաժին հասած, և ՆԱՈւՄ-ի նման մեծ, պայծառ դեմքեր ունեցող կառույցն է, որ կարող է անգամ անելանելի վիճակում ելքեր գտնել․․․ Ձեզ մաղթում եմ հաջողություն, բարի երթ և նորից-նորից իրար հետ միասին՝ միավորված կերտենք մեր հաղթանակները, որին այսքան կարոտ է մեր ժողովուրդը»,խոքսքն ամփոփեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Միջոցառման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։