կարևոր
736 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-15 17:38
Քաղաքական

Մոտ 143 մլն դրամ՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար․ «Հետք»

Մոտ 143 մլն դրամ՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար․ «Հետք»

Վաղը՝ նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը կազմում են մոտ 142 մլն 687 հազ. դրամ: Գումարի զգալի մասը բաժին է ընկնում հանձնաժողովի անդամների և սպասարկող անձնակազմի աշխատավարձերին ու հավելավճարներին, գրում է Հետք-ը։

Մասնավորապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն, 79 մլն 981 հազ. դրամ է նախատեսվել աշխատավարձերի վճարմանը:

36 մլն 288 հազ. դրամ հատկացվել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում և թվով 47 տարածքային ընտրական հանձնաժողովներում տեսախցիկների տեղադրման, հեռարձակման գործընթացի կազմակերպման համար:

Մոտ 16 մլն 821 հազ. դրամ նախատեսված է քվեաթերթիկների, վերջիններիս համար նախատեսված ծրարների, ինքնասոսնձվող դրոշմանիշերի, կտրոնների տպագրության նպատակով:

Միայն 652 հազ. դրամ նախատեսված է հանձնաժողովների անդամների կնիքների պատրաստման համար:

Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ՝ «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմված «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից: