կարևոր
805 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-04 16:38
Հասարակություն

8,785 ՄԱՀ, իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ ՀՀ-ի պայքարի արդյունավետությունը․ Անուշ Պողոսյան

8,785 ՄԱՀ, իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ ՀՀ-ի պայքարի արդյունավետությունը․  Անուշ Պողոսյան

«Առոզջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով պաշտոնապես գրանցվել է 8,785 մահ։ Հարյուր հազարավոր վարակվածներ, ծանրաբեռնված հիվանդանոցներ, բուժաշխատողների գերծանրաբեռնված աշխատանք, տնտեսական և սոցիալական լուրջ հետևանքներ։

Սա պարզապես վիճակագրություն չէ։ Սրանք մարդկային կյանքեր են, և պետությունը պարտավոր էր ոչ միայն պայքարել համավարակի դեմ, այլև հետագայում պատասխանել՝ որքանո՞վ արդյունավետ էին այդ պայքարի ընթացքում կայացված որոշումները։

2020 թվականին Ազգային ժողովում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որի առջև դրված էր հենց այդ խնդիրը։ Այն պետք է ուսումնասիրեր Կառավարության և պարետատան գործողությունները, առողջապահական համակարգի աշխատանքը, պետական միջոցների ծախսերը, ինչպես նաև արտակարգ դրության ընթացքում քաղաքացիների իրավունքների սահմանափակումների իրավաչափությունը։

Բայց տարիներ անց ի՞նչ գիտենք այդ ուսումնասիրության արդյունքների մասին։

Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ՝ Կառավարությանը փոխանցվել էր 251 հարց, որոնցից 164-ը վերաբերում էին առողջապահությանը։ Հետագայում հարցումների թիվը հասել էր 256-ի։

Հանձնաժողովն ընդամենը չորս նիստ է անցկացրել։ Իսկ 2021 թվականի հուլիսին արդեն հրապարակայնորեն հայտնում էր, որ Կառավարության կողմից հարցերի մի մասը մնացել է անպատասխան, և դա խոչընդոտել է միջոցառումների արդյունավետության գնահատմանը։

Միայն այս հանգամանքը բավարար է հասկանալու համար, թե որքան լուրջ խնդիր կար պետական հաշվետվողականության հետ։

Իսկ հարցերը շատ են։

Որքա՞ն գումար ծախսվեց համավարակի դեմ պայքարի համար։ Ինչպե՞ս իրականացվեցին հիվանդանոցների, բժշկական սարքավորումների, դեղորայքի և պաշտպանիչ միջոցների գնումները։ Արդյո՞ք ճիշտ էր կազմակերպված հիվանդների հոսպիտալացումը, բուժումը, վերակենդանացման ծառայությունը։ Ինչո՞ւ էին առաջանում բժշկական օգնության հասանելիության խնդիրներ։

Դատախազության տվյալներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստերով հարուցվել էր 17 քրեական գործ։ Ի՞նչ եղավ այդ գործերի հետ, ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին։

Եվ վերջապես՝ որտե՞ղ է քննիչ հանձնաժողովի ամբողջական վերջնական զեկույցը։ Ի՞նչ եզրակացություններ և առաջարկություններ է ներկայացրել այն։ Եթե զեկույց չի կազմվել, ապա ինչո՞ւ։

Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է նման մասշտաբի ճգնաժամից հետո չներկայացնել հասարակությանը դրա ամբողջական գնահատականը։

Համավարակի տարիներին պետությունն ընդունում էր որոշումներ, սահմանափակում էր մարդկանց իրավունքները, տնօրինում հսկայական հանրային միջոցներ։ Հետևաբար հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ ինչն արվեց ճիշտ, որտեղ սխալվեցին, և ով պետք է պատասխանատվություն կրի։

Չեմ կարծում, որ այս թեման կարելի է փակված համարել միայն այն պատճառով, որ համավարակն ավարտվել է։

Այսօր պաշտոնական նամակներ եմ պատրաստել և դիմել Ազգային ժողովի երեք խմբակցություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինք՝ առաջարկելով նախաձեռնել նոր քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց։

Առաջարկել եմ խորհրդարանական մակարդակով կրկին ուսումնասիրել COVID-19-ի դեմ պայքարի ողջ գործընթացը՝ Կառավարության և պարետատան որոշումները, առողջապահական համակարգի աշխատանքը, պետական միջոցների ծախսերը, գնումները, բուժօգնության կազմակերպումը, մահացության ցուցանիշներն ու քաղաքացիների իրավունքների սահմանափակումները։

Ակնկալում եմ, որ երեք խմբակցություններն էլ կքննարկեն այս առաջարկը և կհայտնեն իրենց դիրքորոշումը։

Համավարակի տարիների պատմությունը չպետք է մնա չպատասխանված հարցերի պատմություն։ Հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ տեղի ունեցավ, ինչու տեղի ունեցավ և ով է պատասխանատու»։