կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-19 17:06
Հասարակություն

Հարգելի՛ եվրոպացիներ, ձեր միլիոնավոր եվրոները հասան ՀՀ, իսկ ո՞վ է հաշվետու դրանց օգտագործման համար. Անուշ Պողոսյան

Հարգելի՛ եվրոպացիներ, ձեր միլիոնավոր եվրոները հասան ՀՀ, իսկ ո՞վ է հաշվետու դրանց օգտագործման համար. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան Հ/Կ նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է. «ՀԱՐԳԵԼԻ՛ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐ, ՁԵՐ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԵՎՐՈՆԵՐԸ ՀԱՍԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ։ ԻՍԿ Ո՞Վ Է ՀԱՇՎԵՏՈՒ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ։

COVID-19-ի համավարակը միլիոնավոր մարդկանց առողջության, հազարավոր բուժաշխատողների աշխատանքի և պետությունների ֆինանսական համակարգերի ծանր փորձությունն էր։ Այդ օրերին Հայաստանն էլ միջազգային գործընկերներից ստացավ հսկայական ֆինանսական աջակցություն։

ԹՎԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՍՏԱԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ։

92 միլիոն եվրոյից ավելի՝ 2020 թվականին Եվրոպական միության հայտարարած աջակցության փաթեթը Հայաստանին՝ համավարակի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման համար։

472.41 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2020 թ. մարտի 11-ից մինչև 2021 թ. նոյեմբերի 17-ը Հայաստանի ստացած միջազգային ֆինանսական աջակցությունը՝ ըստ հրապարակված ուսումնասիրության։

358.617 միլիոն դոլար՝ վարկային միջոցներ։

113.739 միլիոն դոլար՝ դրամաշնորհներ։

107.4 միլիարդ դրամ՝ 2020 թվականին ՀՀ պետական բյուջեից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների համար հատկացված գումարը։

Այս թվերը տարբեր աղբյուրների և ֆինանսավորման ուղղությունների ցուցանիշներ են։ Դրանք չի կարելի մեխանիկորեն գումարել, քանի որ հնարավոր են համընկնումներ, իսկ միջազգային օգնությունը ներառել է ոչ միայն առողջապահությունը, այլև սոցիալական և տնտեսական ծրագրերը։

Բայց հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը՝ ի՞նչ կոնկրետ արդյունք է ապահովել այդ հսկայական ֆինանսավորումը Հայաստանի քաղաքացիների համար։

ՀՀ կառավարության հրապարակած տվյալներով՝ COVID-19-ով հիվանդների բուժմանը ներգրավվել է 29 հիվանդանոցային բժշկական կազմակերպություն։ Դրանց թվում էր նաև «Մեդլայն Կլինիկ»-ը։
ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ «Մեդլայն Կլինիկ»-ի հիմնադիր տնօրենին վերագրվում է համավարակի ժամանակ 920 միլիոն դրամի փողերի լվացման կազմակերպումը։ Մեղադրանքը ենթակա է դատարանի քննության, և անձի մեղավորությունը հաստատված է համարվում միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հարց է առաջանում

Ո՞վ է իրականացրել ֆինանսական վերահսկողությունը, և ի՞նչ արդյունքներ են արձանագրվել։

ՀԱՐԳԵԼԻ՛ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐ…

Ձեր երկրներն ու քաղաքացիներն էլ ունեն իրենց խնդիրները՝ տնտեսական անորոշություն, էներգակիրների գներ, սոցիալական ծախսեր և պետական բյուջեի սահմանափակումներ։ Եվրոպայի ներսում բյուջետային առաջնահերթությունների շուրջ քննարկումներն ու տարաձայնությունները ևս ցույց են տալիս, թե որքան կարևոր է յուրաքանչյուր հանրային եվրոյի արդյունավետ օգտագործումը։

Եվ հենց այդ պատճառով միջազգային օգնության նկատմամբ հաշվետվողականությունը պետք է լինի ոչ թե ձևական պահանջ, այլ պարտադիր սկզբունք։

Երբ Եվրոպայի հարկատուների միջոցներն ուղղվում են Հայաստանին, նրանք իրավունք ունեն իմանալու՝ ինչ նպատակով են հատկացվել այդ միջոցները, ինչ արդյունքներ են ապահովել և ինչպես է վերահսկվել դրանց օգտագործումը։

Եվ Եվրոպացի՛ հարկատուները, Եվ Հայաստանցի՛ հարկատուները իրավունք ունեն պահանջելու հրապարակային և ստուգելի հաշվետվություն։

Հ.Գ.1․ Կոռուպցիան, սիրելի՛ քաղաքացիներ, պոզով-պոչով չի լինում։ Այն միշտ չէ, որ առաջին հայացքից տեսանելի է, բայց դրա հետևանքների համար վճարում են հասարակ մարդիկ։

Եվ եթե համավարակի ժամանակ հնարավոր փողերի լվացման գործով քննվում են հարյուրավոր միլիոնավոր դրամների շրջանառություններ, ապա հիշե՛ք՝ հանրային միջոցների հնարավոր չարաշահումների գինը վճարում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները՝ իրենց հարկերով և պետական պարտքի բեռով, այլև Եվրոպայի հարկատուները, որոնց միջոցներից Հայաստանին միլիոնավոր եվրոների աջակցություն է տրամադրվել։
Եվրոպացի՛ հարկատուներ, ձեր տրամադրած օգնության յուրաքանչյուր եվրոյի համար պահանջե՛ք հաշվետվություն։ Հայաստանի՛ քաղաքացիներ, ձեր հարկերի յուրաքանչյուր դրամի համար պահանջե՛ք նույնը , քանի որ կոռուպցիայի կասկածը սահմաններ չունի, իսկ հանրային փողերի նկատմամբ հաշվետվողականությունը պարտադիր է բոլորի համար։

Հ․Գ․2․ Իսկ ո՞ւր են գնացել այդ ենթադրյալ «լվացված» միլիոնները։ Գուցե հայտնվե՞լ են արտասահմանյան բանկային հաշիվներում, օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների հաշիվներո՞ւմ, թե՞ անցել են ֆինանսական այլ շղթաներով։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տան քննությունը և ֆինանսական հետաքննությունը։

Եթե խոսքը հանրային միջոցների հնարավոր չարաշահման մասին է, ապա քննությունը չպետք է սահմանափակվի միայն Հայաստանում կատարված գործարքներով։ Անհրաժեշտ է պարզել նաև՝ որտե՞ղ են հայտնվել գումարները, ո՞վ է եղել դրանց վերջնական շահառուն, և արդյո՞ք միջոցների որևէ մասը դուրս է բերվել Հայաստանից։

Չէ՞ որ փողերի լվացման բացահայտումը միայն գումարի ծագումը պարզելը չէ, այլ նաև դրա ամբողջ ճանապարհն ու վերջնական հասցեատիրոջը բացահայտելը»: