|
Փոխարժեքներ
03 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
«Իշխանություն» լրատվականին մանրամասներ են հայտնի դարձել Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանի մեքենայի հրկիզման դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթից։
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզել են քաղաքական հաշվեհարդար տեսնելու նպատակով։
Մեքենան հրկիզել են Անդրանիկ Հարությունյանը և նրա հորեղբոր որդին՝ Թայրով գյուղի բնակիչ Թորգոմ Հարությունյանը։ Գործողությունը կատարելուց հետո հանցագործության իրեղեն ապացույցները թաքցրել են Թայրով գյուղի գերեզմանատանը։ Ինչը հայտնաբերվել է։
Նախաքննության ընթացքում ստացված տեղեկությունների համաձայն՝ մեքենայի հրկիզման ենթադրյալ պատվիրատուները եղել են Հովսեփ Կարապետյանը և Հրայր Պողոսյանը։
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Հրայր Պողոսյանը դեպքի ժամանակ աշխատել է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գործող Երևանի կենտրոնական գերեզմանատանը՝ որպես հսկիչ։ Դեպքից հետո նա ազատվել է աշխատանքից։ Ենթադրվում է, որ Հրայր Պողոսյանին աշխատանքից ազատել են՝ ՀՈԱԿ-ի հնարավոր առնչությունը թաքցնելու և Երևանի քաղաքապետարանը սկանդալից հեռու պահելու նպատակով։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի մայիսի 6-ի գիշերը՝ ժամը 04։00-ի սահմաններում։ Հրկիզել էին Գևորգ Ստեփանյանի կնոջը պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել Երևանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ նրանց տան բակում։ Ստեփանյանի խոսքով՝ մեքենայի ապակին կոտրել էին, ներս նետել բենզինով թրջված շորով փաթաթված փայտի կտոր և հրկիզել մեքենան։
Դեպքից հետո Գևորգ Ստեփանյանը հայտարարել էր, որ հրկիզման միակ հնարավոր դրդապատճառը իր քաղաքական հայացքներն ու գործունեությունն են, ինչպես նաև ՔՊ-ի և քաղաքային իշխանությունների կոռուպցիոն գործողությունները բացահայտելը։