կարևոր
520 դիտում, 58 րոպե առաջ - 2026-11-02 14:57
Հասարակություն

Զաքարիա Սրբազանը Շվեդիայում անդրադարձել է քրիստոնեական բարոյականությանն առնչվող խնդիրներին

Զաքարիա Սրբազանը Շվեդիայում անդրադարձել է քրիստոնեական բարոյականությանն առնչվող խնդիրներին

Հոկտեմբերի 25-ից Նոյեմբերի 1-ը՝ Շվեդիայի Հյոր քաղաքում, տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը, որին մասնակցում էին տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության և Քարոզչական կենտրոնների տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը:

Ժողովի ընթացքում քննարկվեցին նախորդ տարիներին պատրաստված փաստաթղթերը, անդրադարձ կատարվեց Եկեղեցու տեսանելի միությանը հասնելու մարտահրավերներին, ժամանակակից աշխարհում խաղաղության, արդարության, հաշտության և մարդկային արժանապատվության պաշտպանության գործում Եկեղեցու կարևոր առաքելությանը, քրիստոնեական բարոյականությանն առնչվող ժամանակակից խնդիրներին, ինչպես նաև հոգևոր քարոզչական առաքելության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների գործածությանը:

Հոկտեմբերի 28-ին ժողովի մասնակիցները Լունդի համալսարանում մասնակցեցին «Երբ աշխարհը փլուզվում է, եկեղեցիները միավորվում են» խորագրով միջազգային գիտաժողովին, իսկ հոկտեմբերի 31-ին՝ Լունդի մայր տաճարում տեղի ունեցած էկումենիկ աղոթքին։