կարևոր
775 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-31 10:18
Հասարակություն

Խավարի ու լույսի պայքարում քո լուսավոր մտքերն են պակասում․ այսօր Կիմ Խաչատրյանի հիշատակի օրն է

Խավարի ու լույսի պայքարում քո լուսավոր մտքերն են պակասում․ այսօր Կիմ Խաչատրյանի հիշատակի օրն է

6 տարի առաջ այս օրը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, ԵՊԲՀ ուսանող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Կիմ Խաչատրյանը զոհվեց Արցախի հյուսիսային սահմանները պաշտպանելիս։ Ընկերոջ հիշատակի օրվա կապակցությամբ գրառում է արել բժիշկ, ազատամարտիկ, ՀՅԴ անդամ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության նախկին անդամ Հայկազ Հարությունյանը՝ նշելով

«Խավարի ու լույսի պայքարում քո լուսավոր մտքերն են պակասում…

Ճշմարտության ու կեղծիքի աղմուկում քո ձայնն է պակասում…

Վեց տարի է անցել, Կի՛մ…

Այսօր նորից կանգնած եմ շիրիմիդ կողքին։ Նայում եմ նկարիդ ու մտածում՝ ինչքա՜ն բան կունենայինք իրար ասելու, ինչքա՜ն բան կքննարկեինք, ինչքա՜ն անգամ կվիճեինք ճշտի ու սխալի, արդարի ու անարդարի մասին։

Այսօր քո խոսքի, քո մտքի, քո ներկայության կարիքն ավելի շատ եմ զգում։

Վեց տարի առաջ նույն արկը մեզ երկուսիս էլ խոցեց։ Դու զոհվեցիր իմ կողքին, իսկ ես վիրավորվեցի ու ողջ մնացի…

Այդ օրվանից իմ մեջ մի ցավ կա, որը ժամանակը չի մեղմում։ Մի ակնթարթ, որից ես դուրս եկա, իսկ դու՝ ոչ։ Երբեմն թվում է՝ այդ վեց տարին ընդամենը մի ակնթարթ է, որովհետև հիշողությանս մեջ ամեն ինչ նույնքան կենդանի է, որքան այդ օրը։

Կիմ քո լույսը, քո ձայնը, քո մարդկային տեսակը…

Քո բացակայությունը միայն անցյալի ցավ չէ։ Այն ամեն օրվա չլրացվող ներկայություն է»։