կարևոր
616 դիտում, 53 րոպե առաջ - 2026-10-30 20:59
Հասարակություն

Իսահակյանն օգնում է Սողոմոն Թեհլիրյանին՝ հայտնաբերել և ոչնչացնել Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուներից Թալեաթ փաշային

Իսահակյանն օգնում է Սողոմոն Թեհլիրյանին՝ հայտնաբերել և ոչնչացնել Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուներից Թալեաթ փաշային

Հոկտեմբերի 30-ը մեծանուն բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է:

«ՀՅԴ Հայաստան»-ը հայտնում է՝ քչերը գիտեն, որ մեծանուն հայ բանաստեղծը եղել է նաև ակտիվ քաղաքացի և մշտապես իր դիրքորոշումներն է արտահայտել տարբեր հասարակական ու քաղաքական զարգացումների վերաբերյալ։

1895 թվականին Իսահակյանը հանդիսացել է ՀՅԴ անդամ։ 1908 թվականի դեկտեմբերին հայ առաջադեմ 158 մտավորականներ ձերբակալվում են «Դաշնակցության գործով», որոնց թվում էին նաև Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Թումանյանը, ովքեր կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո, խոշոր գրավով ազատվում են բանտից։ 1911 թվականից Իսահակյանը ստիպված լքում է Հայրենիքը։

Սակայն Հայրենիքից հեռու էլ մեծանուն հայ գրողն անմասն չի մնում սեփական ազգի հոգսերից։ Իսահակյանը նշանակալի դերակատարություն է ունենում Հայոց ցեղասպանության կազմակերիպիչներին պատժող «Նեմեսիս» գործողության ընթացքում՝ օժանդակելով Սողոմոն Թեհլիրյանին հայտնաբերել և ոչնչացնել Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուներից Թալեաթ փաշային:

« ...Դաշնակցությունը հիացմունքի արժանի բնազդ ունի՝ հասկանալու ժամանակը և հարմարեցնելու իր գործելակերպը միջավայրի ու ժամանակի անհրաժեշտ պահանջներին. դժվար է ուրիշ ազգերի պատմության մեջ գտնել նրա նմանը՝ մի առողջ, հզոր, իմաստուն և մշտադալար կուսակցություն - կազմակերպություն:

Թող ի՛նչ ուզում են խոսեն մեր հայ և օտար թշնամիները․  Դաշնակցության պատմությունը հայ ժողովրդի վերջին տարիների պատմությունն է, և հակառակը»։

Այսպես է իր նամակներից մեկում իր սիրելի կուսակցության մասին արտահայտվել մեծանուն հայ գրողը։