կարևոր
577 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-30 23:51
Հասարակություն

Քաղաքացին ունի ապահովագրական փաթեթ, բայց չունի անհրաժեշտ մասնագետին դիմելու հնարավորություն. Պողոսյան

Քաղաքացին ունի ապահովագրական փաթեթ, բայց չունի անհրաժեշտ մասնագետին դիմելու հնարավորություն. Պողոսյան

Առողջապահության ոլորտի փորձագետ, «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.

«Հաշվեքննիչ պալատի ներկայացրած տվյալները բացահայտում են Հայաստանի առողջապահական համակարգի խորքային խնդիրներից մեկը՝ բժշկական կադրերի խիստ անհամաչափ տարածքային բաշխվածությունը։ Իրականություն, որը դժվար է համատեղել առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության և առողջության համընդհանուր ապահովագրության մասին իշխանության հայտարարությունների հետ։

Հայաստանի բնակչության շուրջ 37%-ն ապրում է Երևանում, սակայն բժիշկների 67%-ը կենտրոնացած է մայրաքաղաքում։

Մարզերում բնակվում է բնակչության 63%-ը, բայց աշխատում է բժիշկների ընդամենը 33%-ը։

Իսկ ի՞նչ է փոխվել 2016–2024 թվականներին։

Բժիշկների ընդհանուր թիվն աճել է 21.7%-ով, սակայն այդ աճը բաշխվել է խիստ անհամաչափ։

Երևանում բժիշկների թիվն աճել է 24.4%-ով։

Մարզերում՝ ընդամենը 16.5%-ով։

Այսինքն՝ բժիշկների ընդհանուր թվի աճը չի հանգեցրել տարածքային անհավասարության նվազեցման։

Միջին բուժանձնակազմի վիճակն ավելի մտահոգիչ է․ նույն ժամանակահատվածում նրանց թիվը մարզերում նվազել է 8.2%-ով, մինչդեռ Երևանում աճել է 3.7%-ով։

Ավելին՝ Հաշվեքննիչ պալատն արձանագրում է, որ 2016-2025 թվականներին ավագ և միջին բուժաշխատողների չհամալրված հաստիքների խնդիրը էական բարելավում չի արձանագրել։

Առանձին ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ նպատակային ուսուցմամբ պատրաստված շրջանավարտների 84.5%-ն աշխատում է մարզերում։ Սակայն նույնիսկ այս գործիքը չի հանգեցրել ընդհանուր կադրային անհամաչափության էական նվազեցման։

Սա նշանակում է, որ խնդիրը միայն մասնագետներ պատրաստելը չէ։ Խնդիրն այն է, թե ինչպես պահել նրանց մարզերում, ապահովել պատշաճ վարձատրություն, աշխատանքային պայմաններ, մասնագիտական զարգացում և երկարաժամկետ զբաղվածություն։

Եվ այս ամենի ֆոնին՝ բժիշկների անհատական լիցենզավորում։

Երբ առողջապահական համակարգը բախվում է բժիշկների պակասի, մարզային կադրային անհամաչափության և չհամալրված հաստիքների խնդրին, առողջապահության նախարարությունը շարունակում է առաջ մղել բժիշկների անհատական լիցենզավորման գործընթացը։

Մինչ օրս հստակություն չկա՝ ե՞րբ, ի՞նչ ժամկետներում և ի՞նչ մեխանիզմներով է այն իրականացվելու։ Բժիշկները շարունակում են մնալ անորոշության մեջ՝ սպասելով հերթական պահանջներին, գնահատումներին, քննություններին և վարչարարական ընթացակարգերին։

Իհարկե, մասնագիտական որակի վերահսկողությունը կարևոր է։ Բայց արդյոք նախարարությունը գնահատե՞լ է, թե այդ գործընթացներն ինչ ազդեցություն կարող են ունենալ արդեն իսկ կադրային պակաս ունեցող համակարգի վրա։

Մի կողմից՝ բժիշկների պակաս, մյուս կողմից՝ լրացուցիչ վարչարարական բեռ, մասնագիտական անորոշություն և նոր պահանջներ։ Այս պայմաններում ո՞վ է մտածում բժիշկներին համակարգում պահելու մասին։

Եվ հիմա՝ ամենակարևոր հարցը։

Ինչպե՞ս է իշխանությունը պատկերացնում առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետ իրականացումը, երբ ներդնում է բժշկական ծառայությունների ֆինանսավորման նոր մեխանիզմ, բայց չի լուծում այդ ծառայությունները մատուցելու համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսների հասանելիության խնդիրը։

Արդյոք ապահովագրության ներդրումից առաջ իրականացվե՞լ է յուրաքանչյուր մարզի, համայնքի և բուժհաստատության կադրային կարողությունների համապարփակ գնահատում։

Կա՞ արդյոք մարզային կադրային անհամաչափությունը վերացնելու հստակ, ֆինանսավորված և ժամկետներով սահմանված ծրագիր։

Ո՞վ է պատասխանատու այն իրավիճակի համար, երբ քաղաքացին ունի ապահովագրական փաթեթ, բայց իր բնակավայրում չունի անհրաժեշտ մասնագետի դիմելու հնարավորություն։

Առողջապահական համակարգի արդյունավետությունը չի չափվում միայն հատկացված գումարներով կամ ապահովագրված քաղաքացիների թվով։ Այն չափվում է նաև նրանով, թե քաղաքացին որքան արագ և ինչ պայմաններում կարող է ստանալ իրեն անհրաժեշտ բուժօգնությունը։

Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում, հերթագրումը հասանելի չէ, իսկ մոտակա բուժհաստատությունում համապատասխան կադրային ներուժ չկա»։