կարևոր
4081 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-19 13:46
Հասարակություն

Քեզ տված խոստումս դեռ անավարտ է, կներես Կիմ. մարտական ընկերը` Կիմ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ

Քեզ տված խոստումս դեռ անավարտ է, կներես Կիմ. մարտական ընկերը` Կիմ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ

Բժիշկ, 44֊օրյայի մասնակից, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հայկազ Հարությունյանն իր մարտական ընկերոջ` 44֊օրյայում զոհված բժիշկ֊ազատամարտիկ, ՀՅԴ ՆԱՈՒՄ֊ի անդամ Կիմ Խաչատրյանի ծննդյան օրվա առիթով գրում է.

«Արդեն 2 օր է գրում եմ, ջնջում, նորից եմ գրում ու նորից ջնջում, ուզում եմ խոսել, բայց չեմ կարողանում, չկան բառեր ծնունդդ շնորհավորելու համար, չկան նվերներ քեզ նվիրելու համար։ Մեր վերջին ֆիզիկական հանդիպման ժամանակ, ես քեզ խոստացա, որ կպայքարենք ամեն գնով մեր ընդհանուր պայքարի լուսավոր ավարտի համար, բայց…

Այսօր ես ուժ ու կարողություն չունեմ գալու ու նայելու քո գրանիտե ժպիտին ու ասելու` մեր պայքարի դեմ հանդիման այսօր ունենք իրականություն որտեղ կորցրել ենք ամեն ինչ…

Կորցրել ենք մեր պայքարող տեսակը, դարձել հարմարվող, կորցնում ենք մեր Արցախը  (և գուցե արդեն կորցրել ենք), բայց լռում ենք. այսօր արցախցին չունի մինիմալ պահանջմունքներ բավարարելու հնարավորություն, իսկ մեզնից շատերը կարողանում են առանց դրա մասին մտածելու ճոխ սեղանների բացել…

Այսօր մեր թշնամին` արևմտյան Ադրբեջանը, հայտարարում և նշում, որ պետք է գան այստեղ իր բնակությունը հաստատելու, մենք կրկին լռում ենք…

Լռում ենք, անտեսում, հարմարվում և անգամ մոռանում, այսպիսի իրողությամբ ես ինչպես մոտենամ քեզ, ինչպես ձեռքս դնեմ քո արծվակերպ շիրմաքարին ու խունկ ծխեցնեմ քո հիշատակին, ինչպես շնորհավորեմ քեզ, երբ սիրտս այրվում է խնկամանում այրվող խաղողի մովի նման, բայց բոց չի դառնում, երբ միտքս ծխում է խունկի նման, բայց մարդկանց ականջների հասնում ու գործ չի դառնում …

Եթե դու լինեիր… դու չէիր լռի, դու կպայքարեիր և քո պայքարով մեր պայքարին նոր ուժ կտայիր ու ես էլ այսօր գլխիկոր չէի լինի։ Խոստումս քեզ տված դեռ անավարտ է, որ արդեն 3 տարի ես չեմ կարողանում մեր ընդհանուր պայքարին մի լուսավոր կետ ավելացնել…

Կներես, Կիմ…

Կան մարդիկ, որոնց մենք հերոսներ ենք անվանում, որովհետև հերոսացել են մարտում, կան հերոսներ, որոնք հերոսական են ապրել և ընկել են հանուն հայրենիքի։ Կիմն անշուշտ այս վերջին տեսակն է:

Միշտ թույլի, միշտ կարիքավորի, միշտ արդարի և հայրենիքի կողքին կանգնող։

Ծնունդդ շնորհավոր, իմ հայրենիքի արդարության մարտիկ:

Լուսանկարը՝ 20/10/2020թ Եղնիկներ»: