կարևոր
700 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-29 09:18
Քաղաքական

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս ժողովրդի հասցեին սխալ հայտարարություն արած եւ ՌԴ դեսպանության ու Մարիա Զախարովայի արձագանքին արժանացած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հնարավոր է «մատաղ անեն»՝ հայ-ռուսական հարաբերությունները փոքր-ինչ շտկելու հույսով։

Հիշեցնենք․ մի քանի օր առաջ նա գրառում էր արել «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած Գյումրու օրվա առթիվ։ «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, եւ ահա՝ պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։

Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»,- գրել էր վարչապետի ոճով, որին հաջորդեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան արձագանքը, որ մարզպետի բառապաշարը հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմում գերմանացի նացիստներին, որոնք ռուսներին «Իվան» էին անվանում, եւ նման արտահայտությամբ կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսաստանցիների հանդեպ։

Առուշանյանը, ըստ ամենայնի, տեղյակ չի եղել, որ Փաշինյանը ՔՊ-ականներին հրահանգել է զերծ մնալ հակառուսական լեքսիկոնից, կամ էլ մտածել է, որ ոչ թե ռուսների, այլ ընդդիմության դեմ է խոսում: ՔՊ-ում չեն բացառում, որ մարզպետը ստիպված կլինի հեռանալ։ Տեղեկություն կա նաեւ, որ Ռուսաստանում քննարկվում է նրա մուտքը ՌԴ արգելելու հարցը։