կարևոր
664 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-28 19:24
Աշխարհ

Եվրահանձնաժողովը չի բացառել ռուսական գազի ներմուծման վերսկսումը՝ հակամարտության կարգավորումից հետո

Եվրահանձնաժողովը չի բացառել ռուսական գազի ներմուծման վերսկսումը՝ հակամարտության կարգավորումից հետո

Եվրահանձնաժողովը չի բացառել Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյուն։

Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախորդ շաբաթ Եվրախորհրդարանում հայտարարել էր էներգետիկ պատժամիջոցները «մինչև հակամարտության դադարեցումը» պահպանելու մասին։

«Նախագահը շատ հստակ ասել է, որ էներգետիկ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել դա (պատերազմը)», – Պինյուի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովում չեն բացառել նաև «Հյուսիսային հոսք» գազատարների նախագծի վերագործարկումը։

«Դա մեր որոշելիքը չէ՝ այն Եվրամիությունում կլինի՞, թե ոչ»,- ասել է Պինյուն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հանձնաժողովը կարող է բացառել գազատարի աշխատանքի վերսկսումը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել գազի մատակարարումները Եվրոպա, եթե լինեն շահագրգիռ գնորդներ և լրացուցիչ ծավալներ։