|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.
««Միակ «ճշմարտության» վտանգավոր ճանապարհը. Փաշինյանը սպանում է քաղաքականությունը
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արդեն «իշխող գաղափարախոսություն» է, և պետական համակարգը պետք է գործի դրա շրջանակում։
Նա այդ տրամաբանությունը տարածում է նաև կրթության ոլորտի վրա՝ պնդելով, որ դպրոցներում չպետք է հնչեն այդ գաղափարախոսությանը հակասող մտքեր, իսկ կառավարությունը պետք է գործի դրանց դեմ, քանի որ դրանք սպառնալիք են Հայաստանի Հանրապետությանը։
Խնդիրն ամենևին էլ «Իրական Հայաստանի» բովանդակությունը չէ։
Այն կարելի է ընդունել կամ մերժել։ Ժողովրդավարությունը հենց տարբեր գաղափարների, արժեքների մրցակցությունն է։
Վտանգավորն այն է, երբ իշխանությունն իր քաղաքական հայեցակարգը հռչակում է «իշխող գաղափարախոսություն» և պետական համակարգից պահանջում է գործել դրա շրջանակում։ Առավել մտահոգիչ է, երբ կրթական ծրագրերն ու դպրոցն են ենթարկվեցվում «միակ ճշմարտությանը»:
Պետությունը չպետք է քաղաքական գաղափարները բաժանի «ճիշտ» և «վտանգավոր» խմբերի՝ գործող իշխանության քմահաճույքին համապատասխան:
Ընտրություններում հաղթած ուժը ստանում է պետությունը կառավարելու ժամանակավոր մանդատ, որը, բնականաբար, թույլ չի տալիս «գաղափարական մենաշնորհ» հաստատել:
Այսօր ասում են, որ կրթական համակարգում չպետք է հնչի «Իրական Հայաստանին» հակասող որևէ միտք, վաղը նույն պահանջը կարող է վերաբերել հանրային, քաղաքական այլ ինստիտուտների:
Ի վերջո, բանը հասնելու է ընտրական և ժողովրդավարական ինստիտուտների ամբողջական ապամոնտաժմանը:
Օրինակ, ՔՊ-ական խիստ «ժողովրդավար» ու «առաջադեմ» մի պաշտոնյա կարող է «արդարացիորեն» բողոքել, թե
ինչո՞ւ ընտրություններին մասնակցի մի ուժ, որի ծրագիրը հակասում է «իշխող գաղափարախոսությանը» և կարող է ներկայացվել որպես «սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը»։
Եթե իշխանության գաղափարախոսությանը հակասող միտքը պետական մակարդակով ընկալվում է որպես սպառնալիք, վտանգվում է ոչ միայն խոսքի ազատությունը, այլև քաղաքական մրցակցությունը։
«Պետության պաշտպանության» թեզով ի վերջո կարելի է կործանել քաղաքականությունն՝ առհասարակ:
Քաղաքականությունը գոյություն ունի մրցակցող գաղափարների շնորհիվ։
Քաղաքականությունը սպանելու ամենակարճ ճանապարհը այլակարծությունը վտանգ հայտարարելն է»։
Հայաստանը մոտ է այն վտանգավոր եզրագծին, երբ քաղաքական գործունեությունը կամ այլակարծությունը քրեականացվում են: