|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Վաղարշապատի նստավայրում, դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ, ընթանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ «քրեական գործով» նախնական դատալսումները։
Պաշտպան Արա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ներկայացված մեղադրանքի համաձայն, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը։
«Այդ խոչընդոտումը մեղադրանքի կողմը կապում է բացառապես նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարգալույծ հռչակելու հետ։ Պաշտպանության կողմը գտնում է՝ մեղադրանքի ծավալուն նկարագրված փաստական հանգամանքներն իրենց բովանդակությամբ չեն կարող կազմել Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով նախատեսված հանցանք, քանի որ մեղսագրվող գործողությունը՝ եպիսկոպոսին կարգալույծ հռչակել հանդիսանում է եկեղեցու բացառապես ներքին հոգևոր կանոնական կյանքի ոլորտին վերաբերող գործողություն, որի բովանդակային իրավաչափությունը պետությունն իրավասու չէ գնահատելու կամ արգելելու։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունի գործառութային անձեռնմխելիություն որպես եկեղեցու ինքնավարության անհրաժեշտ հետևանք»,- ասաց պաշտպանը։
Արա Զոհրաբյանը ներկայացրեց Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու իրավական հիմքեր՝ մեղադրանքի մեջ նկարագրված արարքում ՔՕ-ով նախատեսված հանցագործության բացակայություն, Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ բացառիկ հոգևոր կանոնական գործառույթն իրականացնելիս գործառութային անձեռնմխելիություն։
Պաշտպանության կողմի պնդմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղասագրվող գործողությունն ինքնին հանցագործություն չէ, իրավաբանորեն չի կարող այդպիսին համարվել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները նիստին չեն ներկայանա։ Նրանց շահերը ներկայացնում են պաշտպանները։
Ըստ մեղադրանքի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, և հենց այդ կարգալուծումն է մեղադրանքի կողմից որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում, պահանջվում է Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։