|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր աշխատանք ունի․ նա միացել է Policy and Management Consulting Group-ին (PMCG)՝ որպես ավագ խորհրդական։
«Yerevan.today»-ը գրում է, որ առաջին հայացքից խոսքը միջազգային խորհրդատվական հերթական ընկերության մասին է։ Սակայն PMCG-ի գործունեության ուղղությունները, ֆինանսավորման աղբյուրները, Հայաստանում իրականացրած ծրագրերն ու հատկապես Արմեն Գրիգորյանի համար նշված նոր գործառույթներից մեկը բավական հետաքրքիր պատկեր են բացում։
Ուշագրավ մանրամասն․ TRIPP
PMCG-ի պաշտոնական կայքում Արմեն Գրիգորյանի կենսագրության մեջ նշվում է, որ ընկերությունում նա իր պետական կառավարման և դիվանագիտական փորձը կիրառելու է կառավարման, տարածաշրջանային համագործակցության, ինստիտուցիոնալ զարգացման և ռազմավարական քաղաքականության հետ կապված ծրագրերում։
Սակայն առավել ուշագրավ է հաջորդ նախադասությունը։
Ընկերությունը նշում է, որ Գրիգորյանի աշխատանքը ներառում է նաև մասնակցություն TRIPP-ի իրագործելիության գնահատմանը (feasibility assessment)՝ այն բնութագրելով որպես Հայաստանի տարածքով տարածաշրջանային կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություն։
Այսպիսով, պաշտոնը ստանձնելու վերաբերյալ տեղեկության հրապարակման պահին արդեն հայտնի է նաև Արմեն Գրիգորյանի մասնակցության առնվազն մեկ կոնկրետ ուղղություն՝ TRIPP-ի գնահատման աշխատանքները։
Միևնույն ժամանակ PMCG-ի հրապարակային նյութերում առայժմ մանրամասներ չկան, թե տվյալ գնահատման աշխատանքների շրջանակում ով է անմիջական պատվիրատուն, ինչ պայմանագրի հիման վրա է ներգրավված PMCG-ն և ինչ ծավալի աշխատանք է իրականացնում ընկերությունը։ Հետևաբար առկա տվյալները հիմք չեն տալիս PMCG-ին ներկայացնելու որպես ամբողջ TRIPP նախագծի գլխավոր խորհրդատու։
Ի՞նչ է PMCG-ն
Policy and Management Consulting Group-ը միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն է։ PMCG-ն իրեն ներկայացնում է որպես փոխկապակցված ընկերությունների միջազգային ցանց, որն այժմ գործում է ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում։
Ընկերության հիմնական գործունեությունը պետական քաղաքականության խորհրդատվությունն է, ինստիտուցիոնալ բարեփոխումները, մոնիթորինգն ու գնահատումը, ենթակառուցվածքների ինժեներական խորհրդատվությունը, հետազոտությունները և բիզնեսի զարգացման խորհրդատվությունը։
PMCG-ի հաճախորդների ու գործընկերների շրջանակում ընկերությունն ինքն է նշում USAID-ը, Եվրոպական հանձնաժողովը, Համաշխարհային բանկը, UNDP-ն, Ասիական զարգացման բանկը և այլ միջազգային կառույցներ։
PMCG-ն ստեղծվել է Վրաստանում 2007 թվականին։ Ընկերության հիմնադիրն ու ներկայիս նախագահ-գործադիր տնօրենը Վրաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ալեքսի (Ալեքս) Ալեքսիշվիլին է։ Նա 2005-2007 թվականներին զբաղեցրել է Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը և ներգրավված է եղել հարկային, մաքսային ու պետական ֆինանսների կառավարման բարեփոխումներում։
Այսինքն՝ PMCG-ն սովորական մասնավոր բիզնես-խորհրդատվական ընկերություն չէ։ Նրա գործունեության զգալի մասը կապված է կառավարությունների, միջազգային դոնորների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող պետական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ։
Որտեղի՞ց են գալիս PMCG-ի միջոցները
Ընկերության 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հետաքրքիր պատկեր է տալիս PMCG-ի ֆինանսավորման կառուցվածքի մասին։
Ըստ հաշվետվության՝ 2024 թվականին PMCG-ի ֆինանսավորման աղբյուրների 69,8 տոկոսը բաժին է ընկել USAID-ին։
Մյուս խոշոր աղբյուրներն են եղել՝
Եվրոպական հանձնաժողովը՝ 7,7 տոկոս,
Ասիական զարգացման բանկը՝ 6,3 տոկոս,
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 4 տոկոս,
գերմանական KfW-ն՝ 3,7 տոկոս,
Մեծ Բրիտանիայի Foreign, Commonwealth & Development Office-ը՝ 1,5 տոկոս։
Ընկերության ներկայացրած տվյալներով՝ PMCG-ի 2024 թվականի շրջանառությունը կազմել է շուրջ 8,65 միլիոն դոլար, նույն տարվա ընթացքում այն իրականացրել է 78 նախագիծ, իսկ ընկերության փորձագետների բազան գերազանցել է 7500-ը։
Այստեղ, սակայն, կարևոր է մի տարբերակում․ այս թվերը վերաբերում են ամբողջ միջազգային PMCG խմբին 2024 թվականին, ոչ թե PMCG Armenia-ին։
Հայաստանյան առանձին ընկերությունն այդ ժամանակ դեռ գոյություն չուներ։
PMCG Armenia-ն ստեղծվել է միայն 2026 թվականին
Թեև PMCG-ն Հայաստանում ծրագրեր է իրականացրել դեռ տարիներ առաջ, առանձին PMCG Armenia LLC իրավաբանական անձը նոր կառույց է։
PMCG-ն 2026 թվականի հունիսի իր հրապարակման մեջ ուղիղ նշում է, որ PMCG Armenia-ն նույն տարվա սկզբին ստեղծված ընկերություն է։
Երևանյան գրասենյակը գտնվում է Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում՝ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում։
Հայաստանում PMCG-ի Country Lead-ը Արփինե Պորսուղյանն է, որը պաշտոնում նշանակվել է 2025 թվականի հոկտեմբերին։
Նրա նախորդ աշխատանքային փորձը նույնպես ուշադրության է արժանի։
Մինչ PMCG-ին միանալը Պորսուղյանը աշխատել է USAID/Armenia-ում, որտեղ ղեկավարել է Monitoring, Evaluation and Learning ուղղությունը և խորհրդատվություն տրամադրել ավելի քան 40 ծրագրեր իրականացնող գործընկերների։ Ավելի վաղ նա աշխատել է նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ WFP-ի հայաստանյան գրասենյակում։
Իսկ ի՞նչ է արել PMCG-ն Հայաստանում
Թեև PMCG Armenia իրավաբանական անձը նոր է, միջազգային PMCG-ն Հայաստանում աշխատում է առնվազն 2015 թվականից։
2015-2017 թվականներին ընկերությունը Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ խորհրդատվություն է իրականացրել Հայաստանի այն ժամանակվա Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության համար։
Ծրագիրը վերաբերում էր Հայաստանի խոշոր ենթակառուցվածքային նախագծերի՝ տրանսպորտի, էներգետիկայի և ջրային համակարգերի գնահատմանը, համակարգմանը և մոնիթորինգին։ Աշխատանքներում ներգրավված էին նաև ԵՄ պատվիրակությունը և այնպիսի միջազգային գործընկերներ, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, ADB-ն, EBRD-ն, KfW-ն, EIB-ն և IMF-ը։
2024 թվականին PMCG-ն, որպես ամերիկյան DAI Global-ի ենթակապալառու, ներգրավվել է ACCELERATE ծրագրում։
Ծրագրի հրապարակված նկարագրության համաձայն՝ դրա ֆինանսավորման աղբյուրը USAID-ն էր, իսկ նպատակներից էին Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանում առևտրի, ներդրումների և տնտեսական ինտեգրման զարգացումն ու մի շարք երկրների՝ Եվրամիության հետ ավելի խորը տնտեսական ինտեգրմանը նախապատրաստելը։ Հայաստանը ծրագրի շահառու երկրների թվում է։
2025 թվականին PMCG-ն Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պատվերով նաև ուսումնասիրություն է իրականացրել կլիմայական ռիսկերի և վաղ նախազգուշացման համակարգերի վերաբերյալ՝ ապագա ծրագիրը Green Climate Fund-ին ներկայացնելու նպատակով։
Նույն կառույցի պատվերով PMCG-ն աշխատել է Հայաստանում գյուղատնտեսական արժեքային շղթաների զարգացման ծրագրի վրա՝ իրականացնելով շուկայի ուսումնասիրություններ, գնահատումներ և բիզնես պլանների մշակում։
Մեկ այլ ծրագրով PMCG-ն աշխատել է German Sparkassenstiftung-ի համար՝ ուսումնասիրելով Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի ֆերմերների ու ագրոբիզնեսների՝ ֆինանսավորում ստանալու հնարավորություններն ու խոչընդոտները։
2025 թվականի նոյեմբերից ընկերությունը նաև UNIDO-ի պայմանագրով և Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանում ու Մոլդովայում իրականացնում է արդյունաբերական թափոնների քարտեզագրման ծրագիր՝ շրջանաձև տնտեսության զարգացման նպատակով։
Եվրաինտեգրման և վիզաների ազատականացման ուղղությունը
2026 թվականին PMCG-ն ակտիվացել է նաև Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների թեմայով։
Մայիսին Երևանում ներկայացվել է Վրաստանի և Մոլդովայի՝ ԵՄ վիզաների ազատականացման ճանապարհային քարտեզների իրականացման փորձին նվիրված ուսումնասիրություն։
Այն իրականացվել էր PMCG Poland-ի միջոցով՝ գերմանական Konrad-Adenauer-Stiftung-ի աջակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել էին PMCG-ի փորձագետներ, այդ թվում՝ Մոլդովայի նախկին փոխվարչապետը, Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարարը և վրացական պետական համակարգի այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։
PMCG-ն նաև հայտարարել էր, որ Հայաստանում իր նորաստեղծ կառույցը շարունակելու է աշխատել վիզաների ազատականացման և եվրաինտեգրման հետ կապված բարեփոխումների, վերլուծությունների, քաղաքականության առաջարկությունների և տեխնիկական աջակցության ուղղությամբ։
Բարձրաստիճան նախկին պաշտոնյաների ներգրավումը PMCG-ում նոր երևույթ չէ
Հատկանշական է նաև PMCG-ի աշխատանքի մոդելը․ միջազգային նախագծերում ընկերությունը հաճախ ներգրավում է նախկին պետական պաշտոնյաների և նեղ մասնագիտական փորձ ունեցող խորհրդականների։
Ընկերության հիմնադիրը Վրաստանի նախկին ֆինանսների նախարարն է, իսկ Հայաստանում ԵՄ վիզաների ազատականացման թեմայով ծրագրում ներգրավված փորձագետների թվում եղել են Մոլդովայի նախկին փոխվարչապետն ու Վրաստանի նախկին փոխնախարարը։
Այժմ այդ ցանկին միացել է նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը։
Արմեն Գրիգորյանը 2018-2026 թվականներին ղեկավարել է Անվտանգության խորհրդի գրասենյակը, մասնակցել Հայաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ բարձր մակարդակի բանակցություններին, իսկ 2021 թվականին կարճ ժամանակով կատարել է արտաքին գործերի նախարարի պարտականությունները։
PMCG-ում, ընկերության տվյալներով, նրա աշխատանքային ուղղությունների թվում կլինեն կառավարումը, տարածաշրջանային համագործակցությունը, ինստիտուցիոնալ զարգացումը և ռազմավարական քաղաքականությունը։
Եվ այստեղ նորից վերադառնում ենք այս պատմության թերևս ամենահետաքրքիր դրվագին՝ TRIPP-ին։
PMCG-ն արդեն իսկ պաշտոնապես արձանագրում է Արմեն Գրիգորյանի մասնակցությունը այդ նախաձեռնության feasibility assessment-ին։
Թե ինչ ծավալով է PMCG-ն ներգրավված այդ աշխատանքներում, ով է կոնկրետ պատվիրատուն, ինչ պայմանագրով և ինչ ֆինանսավորմամբ է կատարվում աշխատանքը՝ ընկերության հրապարակային աղբյուրներից դեռևս պարզ չէ։
Սակայն մի բան արդեն ակնհայտ է․ Անվտանգության խորհրդից հեռանալուց հետո Արմեն Գրիգորյանը աշխատանքի է անցել ոչ թե պարզապես խորհրդատվական ընկերությունում, այլ մի միջազգային կառույցում, որի գործունեության հիմնական դաշտը հատվում է պետական քաղաքականության, միջազգային դոնորների, ինստիտուցիոնալ բարեփոխումների, տարածաշրջանային ծրագրերի և այժմ արդեն նաև Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող TRIPP նախաձեռնության հետ։