կարևոր
745 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-03 16:38
Հասարակություն

Հանցավոր խումբը 59 քաղաքացուց բջջային հավելվածներով հափշտակել է ավելի քան 1 մլրդ դրամ

Հանցավոր խումբը 59 քաղաքացուց բջջային հավելվածներով հափշտակել է ավելի քան 1 մլրդ դրամ

59 քաղաքացուց խարդախությամբ 1 մլրդ 73 մլն 486 հազար դրամ հափշտակած 4 անձանց գործ ուղարկվել է դատարան, իսկ մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դատախազությունը պարզել է, որ խարդախություն կատարած այդ անձինք նաև փորձել են 19 քաղաքացիներից 38 մլն 879 հազար դրամ հափշտակել։

Քննչական կոմիտեում պարզել են, որ օտարերկրյա քաղաքացիներ Մ.Շ.-ն, Մ.Մ.-ն, Ա.Պ.-ն, ոմն «Մաքս»-ը և քննությամբ չպարզված այլ անձինք ստեղծել են հանցավոր կազմակերպություն ու մասնակցել են դրա գործունեությանը 2025 թ. սեպտեմբերի 26-ից մինչև 2026 թ. ապրիլի 21-ը։

Նրանք «WhatsApp» և «Viber» բջջային հավելվածներում հանրության շրջանակում հայտնի անձանց անուններով և լուսանկարներով ստեղծել են կեղծ օգտահաշիվներ։

«Այդ օգտահաշիվներից տվյալ անձանց ծանոթներին ուղարկվել են հաղորդագրություններ այն մասին, որ իրենց ծանոթը խնդիրներ ունի պետական տարբեր մարմինների հետ, և դրա համար իրենց հետ կապ կհաստատի ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ մեղադրանքի նյութերի` նրանք ներկայացել են որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ տարբեր անուններով, այդ թվում՝ «Դավիթ Աշոտի Օգանեսյան», «կապիտան Վազգեն Հարությունյան», «Գուրգեն Լևոնի Սիմոնյան», «Վահան Սեյրանի Պողոսյան» և «Արման Տիգրանի Սարգսյան», զանգահարել են քաղաքացիներին, հոգեբանական ազդեցություն գործադրել նրանց նկատմամբ, ֆինանսական միջոցների վերաբերյալ ենթադրյալ խնդիրների մասին ձևավորել վախի և տագնապի մթնոլորտ, պահանջել պահպանել գաղտնիություն և հետևել իբրև ՀՀ կենտրոնական բանկի աշխատակցի ցուցումներին։

Այնուհետև, նրանցից մեկը ներկայացել է որպես ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից՝ «Դավիթ Նիկոյան»։ Հանցավոր կազմակերպության անդամները ներկայացել են նաև որպես ՀՀ ԿԲ աշխատակիցներ և քաղաքացիներին համոզել, որ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իրենց բանկային հաշիվներում առկա ֆինանսական միջոցները փոխանցել այլ՝ իբրև «անվտանգ» հաշիվների։

Հանցավոր կազմակերպության անդամներից Մ.Մ.–ի նկատմամբ հայտարարված է հետախուզում։ Քրեական վարույթից առանձնացված մասը՝ Մ.Շ.-ի. Ա.Պ.-ի, Հ.Բ.-ի և Ռ.Ս.-ի վերաբերյա, հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան: