կարևոր
4693 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-10 12:40
Իրավական

Բանկի կառավարիչը 2 քաղաքացուց խարդախությամբ ընդհանուր շուրջ 50 մլն դրամ է հափշտակել. Քննչական կոմիտե

Բանկի կառավարիչը 2 քաղաքացուց խարդախությամբ ընդհանուր շուրջ 50 մլն դրամ է հափշտակել. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են բանկի կառավարչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները:

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում՝ տվյալ պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված երկու միացված քրեական գործերով իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Մարտունի համայնքի  55-ամյա բնակիչը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նույն համայնքի երկու բնակչի բարձր տոկոսով եկամտաբերություն ստանալու կեղծ խոստումներ է տվել և ստացականներ տրամադրել՝ վստահություն առաջացնելով նրանց մոտ: Արդյունքում, Մարտունի համայնքի նշված բնակիչներից մեկը բանկի մասնաճյուղի կառավարչին հանձնել է ընդհանուր 28.901.500 ՀՀ դրամ, մյուսը՝ ընդհանուր 21.694.520 ՀՀ դրամ, որոնք հափշտակվել են վերջինիս կողմից՝ քաղաքացիներին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բանկի մասնաճյուղի կառավարչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ գործն ըստ էության քննելու նպատակով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: