կարևոր
628 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-19 10:27
Հասարակություն

Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳՆ

Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳՆ

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ՆԳՆ-ից հայտնում են, որ քննարկման առանցքում էին վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգի կատարելագործման, հաշվառման-քննական ծառայությունների արդյունավետության բարձրացման և ոլորտային գործընթացների՝ միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցերը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է:

Նա նշել է, որ նախատեսվող բարեփոխումների նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն է՝ ձևավորել այնպիսի կրթական համակարգ, որը կապահովի ոչ միայն տեսական քննությունը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը, այլև ապագա վարորդների անվտանգ և պատասխանատու վարքագծի ձևավորումը։

Քննարկվել է ավտոդպրոցում վարորդական կրթությունը պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը։ Առաջարկին դրական արձագանքած ոլորտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ պարտադիր ուսուցումը կարող է նպաստել ապագա վարորդների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարելավմանը։