|
Փոխարժեքներ
13 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննադատել է Ֆրանսիային, որի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն դատապարտել է Իրանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը՝ հրապարակելով ԵՄ երկրների համատեղ հայտարարությունն այդ թեմայի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ եվրոպական ավելի քան 30 երկիր, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իրանում ցուցարարների մահապատիժները: Երկրներն Իրանին կոչ են արել «անմիջապես վերջ դնել մահապատժի կիրառմանը», լսել իր ժողովրդին, որը փոփոխություն է պահանջում, և գործուն քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ:
Հրապարակելով օգոստոսի 12-ի համատեղ հայտարարությունը՝ Ժան-Նոել Բարոն X հարթակում գրել էր, որ «անմարդկային ռեպրեսիան» պետք է ավարտվի, պատասխանատուները պետք է պատժվեն, իսկ քաղբանտարկյալներն՝ ազատ արձակվեն:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին դատապարտել է այս հայտարարությունը՝ հիշեցնելով եվրոպական երկրների կողմից Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետ կապված դիրքորոշման մասին:
«Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեցնեն աշխարհին «մարդու իրավունքների» և միջազգային իրավունքի մասին դասախոսություններ կարդալը: Կեղծավորությունը բացահայտ է և ամոթալի։ Գազայում Իսրայելի ցեղասպանությանը և Իրանի դեմ ագրեսիային ձեր աջակցությունը ոչնչացրել է բարոյական բարձր դիրքը, որ ձեզ թվում էր, թե ունեիք», – գրել է Արաղչին X հարթակում: