|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ցանկացած երկիր, որը կմասնակցի Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային կամ կաջակցի Իսլամական Հանրապետությանը հարվածներ հասցնելուն, կդառնա օրինական թիրախ Իրանի զինված ուժերի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ղրղզստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։
«Իրանը կրկին հաստատում է իր հաստատուն վճռականությունը՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, և հայտարարում է, որ Իրանի դեմ ագրեսիայի իրականացմանը ցանկացած մասնակցություն, համագործակցություն կամ օգնություն կհանգեցնի միջազգային պատասխանատվության համապատասխան կողմերի համար», - մեջբերել է Արաղչիի խոսքն Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքը։
Նախարարի խոսքով՝ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ինքնապաշտպանության շրջանակներում և ագրեսիային մասնակցող ցանկացած կողմի կհամարի օրինական թիրախ զինված ուժերի համար։
Իրանի արտաքին գործերի նախարարը ՇՀԿ երկրներին կոչ է արել համախմբվել և համագործակցել և թույլ չտալ, որ «ագրեսիան փոխարինի դիվանագիտությանը, ուժը փոխարինի օրենքին, իսկ երկակի ստանդարտները փոխարինեն արդարությանը»։
«Անվտանգ, կայուն և արդար ապագայի կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ մենք բոլորս միասնական ձայնով պաշտպանենք օրենքի գերակայությունը, պետությունների հավասարությունը, երկրների ինքնիշխանության և ժողովուրդների արժանապատվության հարգումը», - հավելել է նա։