|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Լատվիան և Ուկրաինան կզբաղվեն անօդաչու համակարգերի համատեղ մշակմամբ, արտադրությամբ և փորձարկմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդել է Լատվիայի պաշտպանության նախարարությունը։
Համապատասխան հուշագրերը Ռիգայում ստորագրել են լատվիական և ուկրաինական կողմերը։ «Նրանց նպատակն է նպաստել անօդաչու համակարգերի արտադրության բնագավառում հավակնոտ ներդրումային նախագծերի զարգացմանը, տեխնոլոգիաների փոխանցմանը և Լատվիայում տեխնոլոգիաների փորձարկումների համար ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Ստորագրված հուշագրերը ներառում են համագործակցության մի քանի լրացուցիչ բնագավառներ՝ անօդաչու համակարգերի և դրանց բաղադրիչների մշակման ու արտադրության մեջ ներդրումների ներգրավում, տեխնոլոգիաների փոխանցում և արդյունաբերական ներուժի ամրապնդում, ինչպես նաև ցուցադրական, փորձարկման և ինովացիոն ենթակառուցվածքի զարգացում։
Ընդհանուր առմամբ դրանք հիմք են ստեղծում Լատվիայում անօդաչու համակարգերի և կրկնակի նշանակության տեխնոլոգիաների մրցունակ էկոհամակարգի զարգացման համար, նպաստելով ներդրումների ներգրավմանը, ինովացիաների զարգացմանը և բարձր ավելացված արժեքով արտադրանքի արտադրությանը»,- հավելել է նախարարությունը։
Լատվիայում համոզված են, որ այս համագործակցության կարևոր ասպեկտը սերտ գործընկերությունն է ուկրաինական ընկերությունների հետ, որոնք բացառիկ փորձ ու գիտելիքներ են կուտակել անօդաչու համակարգերի մշակման բնագավառում։