Միասին կարող ենք
կարևոր
937 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-26 14:13
Աշխարհ

Լատվիան կհամալրի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի հակաօդային պաշտպանության համակարգերը

Լատվիան կհամալրի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի հակաօդային պաշտպանության համակարգերը

Ապագայում Լատվիան նախատեսում է ուժեղացնել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի հակաօդային պաշտպանությունը՝ այնտեղ տեղակայելով լրացուցիչ ՀՕՊ միջոցներ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռայվիս Մելնիսը։

Նրա խոսքով՝ ներկայում աշխատանքներ են տարվում արևելյան սահմանը լրացուցիչ ռադարներով և հայտնաբերման ու կալանման համակարգերով համալրելու ուղղությամբ։

«Չենք կարող լիովին բացառել որևէ անօդաչու թռչող սարքի ներթափանցումը, սակայն շարունակելու ենք կատարելագործել հակաօդային պաշտպանության համակարգերը, որպեսզի մեր օդային տարածքն առավել անվտանգ լինի»,– նշել է նախարարը, որի խոսքերը փոխանցել է LSM լրատվական հարթակը։

Մելնիսը նաև հայտնել է, որ արդեն գտնվել են լուծումներ, որոնք մոտ ժամանակում հնարավորություն կտան սահմանային հատվածում տեղակայել լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր։

Ռուս-ուկրաինական պատերազմի վերջին ամիսներին Լատվիայում մի քանի անգամ արձանագրվել են Ռուսաստանի տարածքից երկիր ներթափանցած անօդաչու թռչող սարքեր։ Լատվիայի իշխանությունների գնահատմամբ՝ դրանց մեծ մասը եղել են ուկրաինական ԱԹՍ-ներ, որոնք արձակվել էին Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ։