կարևոր
529 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-30 16:17
Հասարակություն

Բյուրականում ընթանում է ՀամաՀՄԸՄ-ական 13-րդ բանակումը

Բյուրականում ընթանում է ՀամաՀՄԸՄ-ական 13-րդ բանակումը

Ուրբաթ, հուլիսի 24-ին, Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» սկաուտական բանակավայրում մեկնարկեց համաՀՄԸՄ-ական 13-րդ բանակումը՝ ՀՄԸՄ-ի 26 շրջաններից և Իրանի սկաուտական 4 միություններից ժամանած 900 բանակողների մասնակցությամբ։ Բանակումը կրում է «Արարատի համար՝ կանգուն» նշանաբանը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պաշտոնական հյուրեր, ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ներկա և նախկին անդամներ, ինչպես նաև հյուրընկալ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի վարչության անդամներ։ Հյուրերի թվում էին Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Զաքարիա եպս. Բաղումյանը, Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը, Հայաստանում Լիբանանի դեսպան Դիմա Հադդադը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային վարչության համաատենապետ Ստեփան Տեր Պետրոսյանը, Ազգային վարչության անդամ Տիգրան Ճինպաշյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը, Համազգայինի Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը, ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Զոյա Քոչարյանը, ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետ Մարո Քեշիշյանը և վարչության անդամներ։

Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Զաքարիա եպս. Բաղումյանը, ողջունելով բանակողներին՝ ասաց. «Մենք բոլորս զորավոր ենք մեր հայրենիքով, հայոց պետականությամբ և մեր հայկականությամբ։ Մեր կյանքը պայքար է, և այդ պայքարում հաղթում են նրանք, ովքեր հոգով ամուր են, մարմնով՝ զորեղ, և ունեն կամք ու եռանդ։ Մեր նախնիների երազանքն էր ապրել ու արարել անկախ հայրենիքում։ Մենք այսօր ունենք հայրենիք, որն ունի բոլորիս գուրգուրանքի, հոգատարության և սիրո կարիքը։ Մենք մեր հայրենիքը սիրում ենք ոչ թե այն պատճառով, որ այն մեր հայրենիքն է, այլ որովհետև այս սրբազան հողի վրա նահատակվել են մեր նախնիները»։

Ըստ բանակման ընդհանուր խմբապետ Ռուբեն Նալբանդյանի՝ բանակման նպատակը ազգային և միութենական դաստիարակություն տալն ու փոխադարձ ճանաչողության համար հնարավորություն ստեղծելն է։

ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի ատենապետ Ալեն Ասատուրյանը նշեց, որ այս տարի Բյուրականն իր գիրկն է ընդունել 900 ՀՄԸՄ-ականների, որոնք ժամանել են աշխարհի 23 երկրներից՝ նրանց համախմբելով մեկ գաղափարի, մեկ երդման և մեկ հայրենիքի շուրջ։

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Խաչերյանը՝ ընդգծելով, որ ՀՄԸՄ-ականների այս նոր սերունդը ևս պատրաստ է ծառայել հայ ազգին, Հայաստանին ու հայության արդար դատին․ «Սերունդ, որն ականատեսն է մաշվող հայրենիքին, բազմաշերտորեն պառակտված ազգին, վերագրավված Արցախին, ազգային արժեհամակարգի անկմանը, մաշվող սփյուռքին։ Սակայն, այս հուսահատեցնող ու խայտառակ իրականության դեմ հանդիման և հոսանքին հակառակ թիավարելով, հորիզոններ նվաճելու կամքով ու վճռականությամբ, ՀՄԸՄ-ի շարքերը մնում են անկոտրում, աներեր, Արարատի պես անսասան։ Դեռ չի չորացել ՀՄԸՄ-ի ծառի արմատը և դեռ նոր ծիլեր է տալիս»։

Խոսքերից հետո տեղի է ունեցել սկաուտական բարձրագույն՝ «Արարատյան» կարգի կրծքանշանների և հաստատագրերի հանձնման արարողությունը։ 

Բանակման երկրորդ օրը մասնակիցներն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն, ապա տողանցք կատարել Երևանի փողոցներով, իսկ երեկոյան հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամլիրում։

Երկուշաբթի՝ հուլիսի 27-ին, ավելի քան 700 սկաուտ բարձրացել է Արագած լեռ։ Մասնակիցներն այցելել են Հովհաննավանք, Սաղմոսավանք և Հայոց այբուբենի հուշարձան։ Չորեքշաբթի՝ հուլիսի 29-ին, նրանք եղել են Գյումրիում և Սևանում։

ՀՄԸՄ-ական բանակման մասնակիցները նաև համաշխարհային նոր ռեկորդ են սահմանել։ Բանակավայրում 809 մասնակից կազմել է մարդկային ամենամեծ շուշանածաղկի պատկերը՝ գրանցվելով «Գինեսի համաշխարհային ռեկորդների» գրքում։

Բանակումը կավարտվի շաբաթ՝ օգոստոսի 1-ին։