Միասին կարող ենք
կարևոր
901 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-30 09:40
Քաղաքական

Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»

Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին քաղաքական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, թե իշխանությունը սպասում էր, որ Գյումրու ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարող էր հրաժարական ներկայացնել, ինչից հետո ավագանին նոր քաղաքապետ կընտրեր Կարեն Սիմոնյանին։

Եթե շրջանառվող այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա բազմաթիվ հարցեր են առաջանում։ Ի մասնավորի՝ արդյո՞ք հենց այդ սցենարն էր պատճառը, որ նիստը չկայացավ՝ իրավապահ մարմինների գործողությունների, խուզարկությունների և քաղաքական ճնշումների ֆոնին։ Շատերի կարծիքով, այս ամենը կարող էր նպատակ ունենալ խափանել ավագանու բնականոն աշխատանքը և կանխել սահուն իշխանափոխությունը քաղաքում։

Գյումրիում բավականին տարածված է այն տեսակետը, որ քաղաքի մի զգալի հատված ցանկանում է տեսնել նոր ղեկավարություն։ Գյումրեցիները գիտեն, որ Կարեն Սիմոնյանն ունի անհրաժեշտ կառավարման փորձ ու կարողություններ քաղաքում զարգացման նոր փուլ սկսելու համար։ Նրանք համոզված են, որ արդյունավետ կառավարման դեպքում հնարավոր կլինի լուծել կուտակված բազմաթիվ խնդիրներ և Գյումրին դարձնել ավելի զարգացած ու բարեկարգ քաղաք։ 

Ըստ այդմ, եթե այդ տեղեկություններն իրական են, ապա ակնհայտ է նաև իշխանության վախը՝ վերջնականապես կորցնելու Գյումրին, որտեղ հասարակության մի զգալի հատված փոփոխությունների ակնկալիք ունի, սակայն ոչ օրվա իշխանության «միջամտությամբ»։