|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վերջին շրջանում ՀՀ այցելող ջավախահայ վարորդները ահազանգում են, որ պարեկային ծառայության աշխատակիցներն իրենց համատարած տուգանում են։
Պատճառը, ըստ վարորդների, վրացական պետհամարանիշներով իրենց մեքենաների ապակիների մգեցման չափն է։ Ջավախահայ վարորդներն իրենց տուգանող պարեկներին հակադարձում են, որ Վրաստանում իրենք չեն տուգանվում, այսինքն, Վրաստանում չեն խախտում օրենքը, որտեղ ապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի նվազագույնը 40%։ Պարեկներն էլ իրենց քայլը բացատրում են՝ բերելով ՀՀ-ում սահմանված չափը, ըստ որի՝ լուսաթափանցելիությունը պետք է լինի նվազագույնը 70%։
Ջավախահայ վարորդները, ովքեր արդեն բառի բուն իմաստով դարձել են «տուգանքի մատերիալ», բողոքում են, որ ՀՀ մուտք գործելիս սահմանային անցակետերում այդ մասին իրազեկող, զգուշացնող որևէ գրություն կամ հայտարարություն չկա։
«Օրինակ, երբ խոսքը վերաբերում է օգտագործված անվադողերի արգելքին՝ այդ մասին Բավրայի սահմանային անցակետում շատ գեղեցիկ ձևով գրված ու փակցված է։ Դժվար է՞ մի հայտարարություն էլ ապակիների մգեցման մասին տալ, որ մարդիկ անիմաստ չտուգանվեն։ Թե՞ երկու դեպքում էլ կոնկրետ շահեր կան` անվադողերի դեպքում խոսքը կոնկրետ բիզնես կլանի շահերի մասին է, իսկ այս մի դեպքում բյուջե են լցնում, որ պարգևավճարներ ստանան»,- նշեց վարորդներից մեկը։
Մեկ այլ վարորդ էլ կտրուկ համաձայն չէր անգամ հայտարարությունով իրազեկվելու տարբերակի հետ.
«Պետք է մի տարրական բան հասկանալ՝ ես իմ ավտոմեքենան օգտագործում եմ Վրաստանում, որտեղ ոչ մի օրենք չեմ խախտում։ Երբ ես ժամանակավոր՝ մի քանի օրով գալիս եմ ՀՀ, այստեղի պարեկները չպետք է հայկական մեքենաների համար գործող կարգը մեր վրա էլ տարածեն մի պարզ պատճառով` մեզ մոտ ուրիշ կարգ է գործում, որի մասին իրենք լավ գիտեն, իսկ հասարակ մարդիկ՝ ոչ»։