Միասին կարող ենք
կարևոր
784 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-15 15:58
Քաղաքական

ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության վրա․ Վահե Դավթյան

ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության վրա․ Վահե Դավթյան

Քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է․

«ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա։

Ծովային շրջափակման վերացումը, իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը, իրանական ֆինանսական ակտիվների առնվազն կեսի ապասառեցումը և մի շարք այլ գործոններ անխուսափելիորեն կազդեն Մեծ Մերձավոր Արևելքում ամերիկյան ներկայության տրամաբանության վրա՝ ներառյալ Կովկասը։

1. Թեհրանը կարող է վերաիմաստավորել TRIPP նախագիծը կամ առնվազն դադարել այն դիտարկել որպես «կարմիր գիծ»։ Նոր կոնֆիգուրացիայի պայմաններում TRIPP-ը կարող է վերածվել Թուրքիայի էներգամատակարարման կարևոր ուղու, ինչը լուծում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական խնդիրներ։ Ներկայում ՆԱՏՕ-ի օրակարգում է ավտոնոմ վառելիքային համակարգի ձևավորումը՝ դաշինքի ռազմական ենթակառուցվածքների մատակարարման նպատակով։ Այս համակարգի մեջ տեղավորվում է նաև Թուրքիայի և Արևելյան Եվրոպայի միջև նոր վառելիքային ենթակառուցվածքի կառուցումը (Թուրքիա–Ռումինիա նավթամուղ), որի մասին գրել էի օրերս:

Իմ կանխատեսմամբ՝ մոտակա շրջանում Վաշինգտոնը նոր թափով կսկսի առաջ մղել Անդրկասպյան գազատարի նախագիծը, առանց որի ձևավորվող ամբողջ էներգետիկ-տրանսպորտային ճարտարապետությունը կդառնա խիստ խոցելի։ Այս համատեքստում Հարավային Կովկասը աստիճանաբար կարող է վերածվել ՆԱՏՕ-ի լոգիստիկ համակարգի կառուցվածքային տարրի։

2. Այս պայմաններում հնարավոր է իրանական էներգակիրների մատակարարումների աճ դեպի Թուրքիա: Նշենք, որ մինչև 2026 թ. հուլիսի վերջը Իրանի և Թուրքիայի միջև գործում է գազամատակարարման պայմանագիր՝ տարեկան 10 մլրդ խոր.մ ծավալով։ 2025 թ. փաստացի մատակարարումները կազմել են մոտ 7,7 մլրդ խոր.մ։ Թուրքիան արդեն հայտնել է պայմանագրի երկարաձգման պատրաստակամություն։

Սա կարող է ուժեղացնել մրցակցությունը Թուրքիայի շուկայում՝ թուլացնելով Բաքվի բանակցային հնարավորությունները Անկարայի հետ էներգետիկ երկխոսության շրջանակում։ Տվյալներն առավել քան խոսուն են. 2025 թ. Թուրքիայի խողովակաշարային գազի ընդհանուր ներմուծումը կազմել է շուրջ 57,9 մլրդ, որից Ռուսաստանից՝ 21,1 մլրդ, Ադրբեջանից՝ 11,9 մլրդ, Իրանից՝ 7,7 մլրդ խոր.մ։

3. Կովկասի նշանակությունը աճում է որպես Մերձավոր Արևելքի և եվրասիական քաղաքականության հատման տարածք։ Եթե Իրանը մասամբ դուրս է գալիս մեկուսացման ռեժիմից, ապա մրցակցությունը տեղափոխվում է ոչ թե նրա զսպման, այլ իրանական էներգակիրների և ապրանքների շարժման երթուղիների վերահսկման դաշտ։

Դա ինքնաբերաբար բարձրացնում է Հարավային Կովկասի ռազմավարական արժեքը բոլոր արտաքին դերակատարների համար։ Այլ կերպ ասած՝ Կովկասը աստիճանաբար դադարում է լինել գլոբալ գործընթացների ծայրամաս և վերածվում է նոր լոգիստիկ ու էներգետիկ հոսքերի վերահսկման համար ընթացող պայքարի առանցքային հարթակի»։