Փոխարժեքներ
28 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ինչո՞ւ Արևմուտքը չի կարող դառնալ գերիշխող ուժ Հարավային Կովկասում։
Պատմությունը ցույց է տալիս՝ Արևմուտքի փորձերը ամրապնդվելու Հարավային Կովկասում մշտապես իրավիճակային բնույթ են կրել։ 18-րդ դարում Կովկասը դարձավ ռուս-թուրքական ու ռուս-իրանական պատերազմների թատերաբեմ: Այդ պատերազմների արդյունքում ակնհայտորեն ուժեղեցան Ռուսաստանի դիրքերը, իսկ Ադրիանապոլսի ու Թուրքմենչայի պայմանագրերը փաստացի ձևավորեցին տարածաշրջանի աշխարհաքաղաքական համակարգը:
1853-1856 թթ. Ղրիմի պատերազմի արդյունքում Արևմուտքին ու Օսմանական կայսրությանը հաջողվեց սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը Սև ծովում՝ թիրախում պահելով Կովկասը: Սակայն 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը նորից վերականգնեց Ռուսաստանի ռազմական ու դիվանագիտական ներկայությունը, ամրապնդելով ցարիզմի դիրքը Առաջավոր Ասիայում։
1918-1920 թթ. Մեծ Բրիտանիայի ինտերվենցիան Հարավային և Հյուսիսային Կովկասում, դրանից առաջ՝ 1917 թ. կնքված անգլո-ֆրանսիական կոնվենցիան տարածաշրջանը Լոնդոնի ազդեցության գոտի ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև Առաջին աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի փորձերը ստանձնելու Հայաստանի մանդատը ցույց տվեցին Արևմուտքի կովկասյան քաղաքականության սահմանափակ բնույթը: Արևմտյան հաշվարկները զիջեցին խորհրդային մեգապրոյեկտին։
Այսօր էլ Արևմուտքի նախաձեռնությունները, ներառյալ Դոնալդ Թրամփի քայլերը, հիմնականում PR-արշավներ են հիշեցնում։ Հարավային Կովկասում Արևմուտքի իրական ազդեցության ռեսուրսները սահմանափակ են, մինչդեռ տարածաշրջանի հիմնական արտաքին ակտորները՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը շարունակում են օրակարգ ձևավորել:
Պատճառը պարզ է՝ ցանկացած ժողովրդի գեոպոլիտիկ ճակատագիրը որոշվում է աշխարհագրությամբ։ Գեոպոլիտիկան այս իմաստով ոչ այնքան հասարակագիտական, որքան բնագիտական դիսցիպլին է՝ հիմնված տարածքի և բնության համալիրի՝ լանդշաֆտի վրա։
Սա հստակ գիտակցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռոբերտ Սոլսբերին՝ 1896 թ.-ին Լորդերի պալատում հայտարարելով. «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։
Հարցի պատմական չափումը ցույց է տալիս՝ Արևմուտքը կարող է միայն իրավիճակային ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում, ինչի դրսևորումը մենք տեսնում ենք այսօր»: