|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.44 |
| EUR | ⚊ | € 425.59 |
| RUB | ⚊ | ₽ 5.1179 |
| GBP | ⚊ | £ 493.34 |
| GEL | ⚊ | ₾ 138.69 |
Քաղաքացի Հովհաննես Հունանյանը պնդում է՝ Երեւանի Դավթաշեն 5-րդ փողոցում գտնվող 500 քառակուսի մետր իրեն պատկանող հողատարածքը փորձում են խլել՝ օգտագործելով պետական լծակները, դատական իշխանությունը և կեղծ փորձաքննության եզրակացությունը։
Հունանյանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում պատմում է, որ հողատարածքը փաստաթղթերով պատկանել է իր հորը։ Վերջինիս մահից հետո՝ 2021 թվականին, գույքը ժառանգությամբ անցել է ընտանիքի անդամներին, որոնք օրենքով ընդունել են ժառանգությունը և ստացել սեփականության նոր վկայական։
Սակայն, քաղաքացին նշում է, որ սեփականության պետական վկայական ունենալով հանդերձ՝ այսօր չի կարողանում օգտվել իր հողատարածքից և անգամ մուտք գործել այնտեղ։
Նրա խոսքով՝ հողամասին կից «Ռետրոշին» ընկերությունը բազմաբնակարան շենք է կառուցել՝ խախտելով շինարարական նորմերը և ներխուժելով իր տարածք։ Ըստ Հունանյանի՝ կառուցապատողը զբաղեցրել է ավելի քան 7 քառակուսի մետր իր սեփականությունից։
«Հայրս գումարով գնել է այս հողը, մենք տարիներ շարունակ հարկեր ենք վճարել, իսկ հիմա մարդիկ, որոնք ոչ մի իրավունք չունեն, ցանկապատել են տարածքն ու ինձ ներս չեն թողնում»,- ասում է Հովհաննես Հունանյանը։
Քաղաքացու պնդմամբ՝ գործընթացում առանցքային դեր ունի Լևոն Ավետիսյանը, որը երկու տարի առաջ իր հողատարածքում, առանց շինթույլտվության, ապօրինի քարե շինություն է կառուցել (դատական գործ՝ ԵԴ/26924/02/23)։
Հունանյանը համոզված է, որ հենց Լեւոն Ավետիսյանի միջոցով են փորձում կասկածի տակ դնել իր սեփականության իրավունքը և աստիճանաբար ամբողջ հողատարածքը վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում այն օգտագործվի «Ռետրոշին» ընկերության նոր կառուցապատման ծրագրերի համար։
Քաղաքացին դժգոհում է նաև դատական գործընթացից՝ նշելով, որ դատավոր Սարգիս Երիցյանը, իր գնահատմամբ, անտեսում է սեփականության վկայականներն ու գեոդեզիական չափագրումները։
«Ես երկու նիստի ներկա եմ եղել ու ապշել եմ դատավորի վարքագծից։ Եթե պետության տված սեփականության վկայականը դատարանի համար արժեք չունի, ուրեմն ցանկացած մարդու գույք կարող են նույն ձևով խլել»,- ասում է նա։
Հունանյանի շահերը ներկայացնող փաստաբան Գասպար Թադևոսյանի խոսքով՝ դատարանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում և հաշվի չի առնում պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերն ու միջնորդությունները, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ վիճարկվող հողատարածքը հանդիսանում է Հովհաննես Հունանյանի և նրա ընտանիքի օրինական սեփականությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։