Միասին կարող ենք
կարևոր
640 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-09 00:30
Հասարակություն

«Այո, հավերժության երաշխիքը հարատև պայքարն է». կայացել է Աշոտ Ավագյանի «Հարատև պայքար» պատկերագրքի շնորհանդեսը

«Այո, հավերժության երաշխիքը հարատև պայքարն է». կայացել է Աշոտ Ավագյանի  «Հարատև պայքար» պատկերագրքի շնորհանդեսը

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ կայացավ նկարիչ, քանդակագործ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանի «Հարատև պայքար» պատկերագրքի շնորհանդեսը։

Պատկերագիրքը լույս է տեսել Համազգայինի Կենտրոնական վարչության հովանավորությամբ և երկլեզու է`հայերեն ու անգլերեն։

Շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանում, որտեղ ներկա էին համազգայնականներ, հասարակական գործիչներ, մտավորականներ։

Միջոցառումը բացվեց Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանի ողջույնի խոսքով։ Նա նշեց, որ Աշոտ Ավագյանի արվեստն առանձնանում է իր ինքնատիպությամբ ու խորհրդավորությամբ, որը հնարավոր չէ համեմատել կամ շփոթել այլ գեղանկարիչների գործերի հետ։ Արտաշես Շահբազյանը շեշտեց. «Նրա արվեստը նպատակ ունի մեզ կապելու մեր արմատներին, հիշեցնելու, թե ով ենք մենք և որն է մեր սկիզբը։ Նա իր գործերով կարծես պատգամում է` ամուր պահել արմատները»։

ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր խոսքում Աշոտ Ավագյանին բնորոշեց որպես ազգային մարդու և ազգային արվեստագետի համաձույլ` կարևորելով մեր օրերում նման մտավորականների անհրաժեշտությունը։ Նա նաև անդրադարձավ պատկերագրքի խորագրին`շեշտելով. «Այո, հավերժության երաշխիքը հարատև պայքարն է։ Արարումն ու պայքարը հոմանիշներ են։ Եթե պայքար չլինի, ծիլը չի աճի, ծառը չի ծաղկի, արվեստի գործեր չեն ծնվի...»։

Շնորհանդեսին խոսք ասացին նաև գեղանկարիչ Մովսես Ծիրանին, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հակոբ Մադոյանը, հասարակական գործիչ Մասիս Բաղդասարյանը, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։

Միջոցառումը փակվեց Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի խոսքով։ «Կարծում եմ` նրա գործերը առանձնանում են երկու բնորոշիչներով.առաջինը` ժայռապատկերների խորհուրդն է, որը պատահական չէ ընտրված։ Ժայռապատկերները մեզ հուշում են` գնահատել մեր անցյալը, արժևորել ներկան և շիտակ քայլել դեպի ապագա։ Երկրորդը` շարժումն է, որը տեսնում ենք Աշոտի գործերում։ Միայն վարպետ գեղանկարիչը կարող է շարժումը պատկերի վերածել»,֊ կարևորել է Ռ. Առաքելյանը։

Շնորհանդեսի վերջում ցուցադրվեց ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի «Ալֆերաց․ հավերժ կռիվը կտավի վրա» ֆիլմի թրեյլերը, որը նվիրված է Աշոտ Ավագյանին։