Միասին կարող ենք
կարևոր
592 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-29 23:48
Հասարակություն

Դովրի․ անավարտ մենախոսություն

Դովրի․ անավարտ մենախոսություն

Երբևէ լսե՞լ եք Դովրի գյուղի մասին։

Քարտեզի վրա այն այլևս չկա։ Պաշտոնական ցուցակներում՝ նույնպես։ Բայց իրականում Դովրին շարունակում է գոյություն ունենալ՝ ոչ թե որպես վարչական միավոր, այլ որպես տարածք, որտեղ ժամանակը կանգ չի առել, այլ կուտակվել է շերտ առ շերտ։

Կոտայքի մարզում՝ Նաիրի համայնքի տարածքում, Զորավան գյուղից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում երբեմնի գյուղը։ Այսօր Դովրի տանող ճանապարհը անցնելիս առաջինը, ինչ նկատվում է, լռությունն է։ Այդ լռության մեջ, սակայն, պահպանվել են պատմության հստակ գծեր։

Հնագիտական տվյալները ցույց են տալիս, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռ վաղ բրոնզի դարից։ Այստեղ հայտնաբերվել են ուրարտական շրջանի ամրոցի հետքեր, վաղքրիստոնեական և միջնադարյան կառույցների մնացորդներ։ Տեղանքի մշակութային արժեքը դեռ 20-րդ դարի սկզբին նկատել է Թորոս Թորամանյանը, ով փաստագրել է Դովրիի ամրոցն ու շրջակա հուշարձանները։

Տարածքում պահպանված հնագիտական շերտերի հաստությունը հասնում է մոտ 290 սանտիմետրի՝ վկայելով, որ այստեղ պատմությունը ոչ թե ջնջվել է, այլ ավելացել է նախորդի վրա՝ պահպանելով իր բոլոր հետքերը։

Դովրիի կենտրոնում մինչ օրս տեսանելի են ամրոցի պատերի մնացորդները։ Տաշված քարերով կառուցված այդ պատերը, որոնք թվագրվում են մ.թ.ա. 8-րդ դարով, վկայում են տարածքի երբեմնի ռազմավարական նշանակության մասին։ Այստեղից բացվում է Արայի լեռան համայնապատկերը՝ հիշեցնելով, որ այս վայրը ոչ միայն բնակավայր է եղել, այլև դիտակետ։ Բայց Դովրին միայն հնավայր չէ։

Մինչև 20-րդ դարի կեսերը այստեղ լիարժեք գյուղական կյանք է եղել։ Տեղացիների խոսքով՝ Դովրին ունեցել է 70–80 տնտեսություն, զարգացած են եղել դաշտավարությունն ու անասնապահությունը, գործել է դպրոց։ Նույնիսկ հարևան գյուղերից են երեխաներ եկել այստեղ սովորելու։

 Դովրեցի Կոլյա Հակոբյանի խոսքով՝ Դովրին ժամանակին համարվել է շրջանի առաջատար գյուղերից մեկը՝ հատկապես գյուղատնտեսության՝ հացահատիկի մշակման և համայնքային կյանքի կազմակերպվածության առումով։ Այսօր նա մշտական բնակիչ չէ, բայց տարվա մեծ մասն անցկացնում է այստեղ՝ կնոջ հետ միասին խնամելով այգին ու մեղվափեթակները։ Նրա խոսքով՝ գյուղում դեռ կա 5-6 ընտանիք, որոնք պարբերաբար վերադառնում են՝ զբաղվելու հողագործությամբ, սակայն մշտապես բնակվողները շատ քիչ են։

Դովրիի ճակատագիրը փոխվեց 1960-ականներին։ Խմելու և ոռոգման ջրի բացակայությունը, ինչպես նաև թույլ զարգացած ենթակառուցվածքները դարձան այն հիմնական գործոնները, որոնք աստիճանաբար փոխեցին գյուղի ժողովրդագրական պատկերը։ 1961 թվականին Դովրին պաշտոնապես դադարեց որպես բնակավայր գոյություն ունենալուց։ Բնակիչների մեծ մասը տեղափոխվեց նորաստեղծ Մրգաշեն գյուղ, որտեղ ՀԽՍՀ կառավարությունն ապահովվել էր հիմնական պայմանները, նախապես կառուցվել էին տներ, գործարկվելու էր Արզնի-Շամիրամ ջրանցքը։

Սակայն 1970-ականներին փորձ է արվում վերականգնել գյուղը։ Յուրաքանչյուր ընտանիքից նույնիսկ հավաքվում է շուրջ 1500 ռուբլի, սակայն ծրագիրը մնում է միան թղթի վրա։

Ավելի ուշ՝ 1998 թվականին, Հայաստանի կառավարության որոշմամբ հաստատվում է Դովրիի վերականգնման մի նոր ծրագիր, որը նախատեսում էր հողերի ճշգրտում, բնակիչների վերադարձ և կառուցապատման աշխատանքներ։ Սակայն այս նախաձեռնությունը ևս չի իրականացվում։ Տեղացիները նեղսրտում են․ երեսուն տարի է՝ ուզում են գյուղը վերականգնել, բայց ոչինչ չի արվում։

Այսօր Դովրին ունի ընդամենը երկու մշտական բնակիչ՝ Վարդգես Արտաշյանն ու նրա կինը։ Նրանք այստեղ են մնում տարվա բոլոր եղանակներին՝ խնամելով իրենց փոքր տնտեսությունը։

Գյուղում բացակայում են հիմնական ծառայությունները՝ չկա խանութ, կայուն ջրամատակարարում, գյուղ տանող ճանապարհը բարեկարգ չէ։

Էլեկտրականությունն ու ջուրը 1990-ականներին անցկացվել են հենց բնակիչների նախաձեռնությամբ և ուժերով։ Գյուղում ապրողներն իրենց կենցաղը կազմակերպում են ինքնուրույն․ պարբերաբար քաղաքից սնունդ ու անհրաժեշտ պարագաներ են բերում։
Դովրիի պատմությունը միայն խորհրդային շրջանի կամ մեր օրերի մասին չէ։ Տեղաբնակների փոխանցմամբ՝ նրանց նախնիները այստեղ են եկել Արևմտյան Հայաստանից՝ 1840-ական թվականներին, ձեռք բերել հողատարածքներ և հիմնել գյուղը։ Ավելի վաղ ժամանակներում այստեղ կառուցվել են եկեղեցիներ և ամրոցներ, որոնց մի մասը պատկանել է Էջմիածնին։

Այսօր Դովրին ունի երեք հստակ շերտ։ Վերինում՝ հնագիտական հուշարձաններն են, միջինում՝ կիսավեր գյուղական տները, ստորինում՝ այգիներն ու մեղվափեթակները, որոնք դեռ պահպանում են կյանքի վերջին նշանները։

Հենց այս պատճառով գյուղն այսօր կարող է դիտարկվել ոչ թե որպես ավարտված պատմություն, այլ որպես բաց տարածք՝ գիտական, հնագիտական և կրթական ուսումնասիրությունների համար։ Այստեղ հնարավոր է միաժամանակ ուսումնասիրել թե՛ բնակավայրի ձևավորման, թե՛ լուծարման, թե՛ երկարաժամկետ շերտավորման գործընթացները։

Ամեն անգամ Դովրի գնալիս մի ուրիշ զգացողություն եմ ունենում։ Պապս ծնվել, մեծացել է Դովրիում, այն տունը, որտեղ ապրել է մեր ընտանիքը, դեռ կանգուն է։ Արա լեռան վեհ կեցվածքը, ուրարտական ամրոցի մեծ սալաքարերն ու բազիլիկ եկեղեցու կողպված դուռը, կարծես, ինքնությանս ամենալուռ խորհրդանիշները լինեն։

Մի փոքրիկ գյուղ՝ խորը շերտերով ու հարուստ պատմությամբ, որն անավարտ է մնում։

Այստեղ պատմական նշանաքարերը դեռևս տեսանելի են․․․

 

Լուսանկարները՝ Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայության ֆեյսբուքյան էջից

Հեղինա՝ Սոնա Սարգսյան