Միասին կարող ենք
կարևոր
319 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-01 11:32
Հասարակություն

Չկա աշխարհում անվտանգության որևէ ծառայություն, որ կարող է փրկել այդ ապտակներից, այդ ապտակներից փրկություն չկա. Լիլիթ Բլեյան

Չկա աշխարհում անվտանգության որևէ ծառայություն, որ կարող է փրկել այդ ապտակներից, այդ ապտակներից փրկություն չկա. Լիլիթ Բլեյան

«Պատանին, որին նվեր ենք թողնում մեր բզկտված ու արնոտված, փոքրացած երկիրը, մեր տգեղացած հասարակությունը, մեզ շատ հարցեր ունի։ Բոլոր պատերի տակ` եկեղեցիների, գերեզմանատների, ավերվող Երևանի, բոլոր պատերի տակ պիտի մեզ կանգնեցնեն պատանիներն ու շրխկացնեն մեր երեսին այդ հարցերը` առանց խնայելու»,- գրել է երգիչ, երգահան Լիլիթ Բլեյանը։ 

«Ես արդեն վաղուց 18 չեմ։

18 տարեկանում առանձնապես եկեղեցի չէի գնում։ Էն ժամանակ խաղաղ էինք, ապաստան չէինք փնտրում եկեղեցու խաղաղության մեջ։

Հիմա, ասում են, պատանիներն ու մինչև 25 տարեկանները շատ են լինում եկեղեցում։ Պատճառները բազմազան են, բայց գլխավորը, վստահաբար, խաղաղության փնտրտուքն է։

2020-ին հազարավոր 18-ամյա տղաների հիշատակին նրանց տասնյակ հազարավոր տարեկից ընկերներ մոմեր վառեցին։ Կյանքում առաջին մոմը` կորցրած ընկերոջ, կորցրած եղբոր, կորցրած հոր, կորցրած սիրո համար։

Առաջին ծանր կորուստը, առաջին ծանր հարվածը, առաջին ապտակը մանկության երեսին։

Առաջին այցը Եռաբլուր։

Այդ առաջին բոցավառ մոմերից ծնվեցին բարակ, անիմանալի թելեր` նրանց կապելով աներևույթ աշխարհների հետ, որտեղ շարունակում են ապրել իրենց ընկերները, սիրելիները, որտեղ չկա ցավ, որտեղ չեն խաբում։

Նյութական աշխարհի զավակները հանկարծ իրենց համար գտան խաղաղ ապաստան` եկեղեցու ապահով, լուսավոր, գրկող, շոյող, խնայող, փրկող միջավայրում։

Հոգևոր աշխարհը դարձավ հանկարծ ավելի իրական, ավելի վստահելի ու մտերիմ, քան դրսի իբր իրական աշխարհը` աղմուկի, ստի, թիկունքից հարվածների, փնթի հարաբերությունների, կորուստների ու ցավի, ցավի, չվերջացող ցավի։

Պատանին, որին նվեր ենք թողնում մեր բզկտված ու արնոտված, փոքրացած երկիրը, մեր տգեղացած հասարակությունը, մեզ շատ հարցեր ունի։

Նա մեզ պիտի կանգնեցնի պատի տակ ու անխնա մեխի' այդ հարցերը մեր ճակատին։

Պիտի շրխկացնի այդ հարցերն ապտակների պես։

Ապտակները պիտի շարվեն մեր` ամոթը կորցրած երեսին։

Ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս կորցրի ես իմ մեծ եղբորը, իմ հորը, իմ ընկերոջը, ինչպե՞ս իմ ընկերը կորցրեց իր տունը, ինչպե՞ս իմ քույրը զրկվեց իր սիրելիից, ինչպե՞ս ես կորցրի իմ պապերի գյուղը, ինչպե՞ս մենք կորցրինք մեր կանաչ, սիրելի փոքրիկ հայրենիքը, ինչպե՞ս եք դուք հիմա շարունակում ապրել այս ամոթի փառատոնի մեջ, ինչպե՞ս չեք ամաչում նայել մեր` պատանիներիս աչքերին։

Ի՞նչ էիք դուք ստացել ու ի՞նչ եք մեզ թողնում որպես ժառանգություն։

Ո՞վ եք դուք, որ մեզ դեռ բան եք սովորեցնում։

Ո՞վ եք դուք, որ մեզնից դեռ պահանջներ ունեք։

Բոլոր պատերի տակ` եկեղեցիների, գերեզմանատների, ավերվող Երևանի, բոլոր պատերի տակ պիտի մեզ կանգնեցնեն պատանիներն ու շրխկացնեն մեր երեսին այդ հարցերը` առանց խնայելու։

Ու չկա աշխարհում որևէ դատավոր, որ կարող է փրկել այդ ապտակներից։

Չկա աշխարհում որևէ դատախազ, քննիչ կամ թիկնապահ, որ կարող է փրկել այդ ապտակներից։

Չկա աշխարհում անվտանգության որևէ ծառայություն, որ կարող է փրկել այդ ապտակներից։

Այդ ապտակներից փրկություն չկա։

Միակ փրկությունը հենց այդ ապտակներն են։

Փրկության միակ հույսը այդ ապտակներն են»,- գրել է Լ. Բլեյանը։