|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․
«Նիկոլի իշխանությունը կործանեց Արցախը, թուլացրեց մեր պետությունը, թշնամուն արեց աներևակայելի զիջումներ հանուն, ըստ իրենց, ինքնիշխանության բարձրացման։
Հպարտորեն ասում են, որ հիմա Հայաստանը ավելի անկախ է, քան երբևէ։
Ընդ որում՝ միաժամանակ խոսում են Եվրամիությանն անդամակցելու մասին, որի պայմաններում էականորեն իջնելու է պետության ինքնուրույնությունն ու ինքնիշխանության մակարդակը։
Մի կողմ դնենք այն հարցը, որ պետք է լինել առնվազն միամիտ և աշխարհաքաղաքականությունից հեռու, որպեսզի հավատալ, որ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ։
Այդուհանդերձ, անդրադառնանք ինքնիշխանության սահմանափակումներին, որոնց մասին իբր չգիտեն «անկախության ամենաբարձր մակարդակ» ապահովածները։
Եվրոպական Միությանը (ԵՄ) միացող պետությունները իրենց լիազորությունների մի մասը պատվիրակում են ԵՄ վերազգային կառույցներին: Սա անհրաժեշտ է, քանի որ ԵՄ որոշումները պարտադիր են անդամ պետությունների համար: Ինքնիշխանության հիմնական սահմանափակումները վերաբերում են հետևյալ ոլորտներին․
1․ օրենսդրական ոլորտ
ԵՄ իրավունքի գերակայության սկզբունքը․ ԵՄ օրենսդրությունը գերակայություն ունի ազգային օրենքների նկատմամբ ԵՄ իրավասության ներքո գտնվող ոլորտներում:
Երկրները պարտավոր են համապատասխանեցնել իրենց օրենսդրությունը ԵՄ իրավունքին (acquis communautaire):
ԵՄ մակարդակով ընդունվում են բազմաթիվ կանոններ (օրինակ՝ մրցակցություն, սպառողների պաշտպանություն և շրջակա միջավայրի կանոնակարգեր):
2. առևտրի և մաքսային քաղաքականություն
ԵՄ անդամները մտնում են մաքսային միություն:
Երկիրը կորցնում է մաքսային սակագներ ինքնուրույն սահմանելու և առևտրային համաձայնագրեր կնքելու իրավունքը. դա անում է Եվրոպական հանձնաժողովը՝ ամբողջ ԵՄ անունից:
3. դրամավարկային քաղաքականություն (եվրոգոտու երկրների համար)
Եվրոն ընդունող երկրները դրամավարկային քաղաքականության լիազորությունները փոխանցում են Եվրոպական կենտրոնական բանկին: Ազգային կենտրոնական բանկերը կորցնում են ինքնուրույն՝
տոկոսադրույքներ սահմանելու,
արժույթի անկախ թողարկում իրականացնելու ունակությունը:
4. բյուջետային սահմանափակումներ
Երկրները պարտավոր են պահպանել ԵՄ բյուջետային կանոնները (օրինակ՝ Կայունության և աճի պակտը)․
բյուջետային դեֆիցիտներ՝ ոչ ավելի, քան ՀՆԱ-ի մոտ 3%-ը,
պետական պարտք՝ մոտավորապես 60%-ը։
Տնտեսական քաղաքականությունը մասամբ համակարգվում է ԵՄ մակարդակով։
5. տեղաշարժի ազատություն
ԵՄ-ի ներսում պետք է ապահովվի ապրանքների, ծառայությունների, կապիտալի և մարդկանց ազատ տեղաշարժը։
Սա սահմանափակում է ԵՄ երկրներից աշխատանքային միգրացիայի վրա ներքին խոչընդոտներ կամ սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը։
6. դատական իրավասություն
Եվրոպական Միության դատարանն իրավասու է.
մեկնաբանել ԵՄ օրենսդրությունը,
չեղյալ հայտարարել ԵՄ օրենսդրությանը հակասող ազգային կանոնակարգերը։
7. ներքին և արտաքին քաղաքականություն
Երկրները մասնակցում են ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը և պետք է համակարգեն իրենց դիրքորոշումները։ Որոշ ոլորտներում (միգրացիոն քաղաքականություն, ոստիկանական համագործակցություն, սահմանների պաշտպանություն Շենգենում) ընդունվում են ընդհանուր կանոններ։
Ի՞նչ է ստացվում․ Եվրամիությունը որոշելու է փախստականների քվոտան, և մենք պետք է իրենց նման ընդունենք փախստականներ Աֆրիկայից կամ Բանգլադեշից։
Իրենք են որոշելու մեր արտաքին քաղաքականությունը։ Օրինակ, կասեն Չինաստանի կամ Հնդկաստանի հետ ընկերություն չանել, իսկ իրենց ապրանքները չներկրել կամ չարտահանել։
Որոշելու են որ զենքը կարելի է առնել, իսկ որը՝ ոչ։
Որոշելու են բյուջեի կառուցվածքը, արգելելու են էժան գազ գնել, ստիպելու են թանկացնել էլեկտրաէներգիան, ջուրը, և այդպես շարունակ։
Ավելին ասեմ՝ եվրոպացիները եթե իմանան, որ այստեղ մի հատ էլ Հայոց ցեղասպանություն կլինի, մեկ միլիոն մարդ կկոտորվի, բայց իրենց մոտ բենզինը մի տաս ցենթ կիջնի, հարյուր տոկոսով աչք կփակեն (Արցախի ցեղասպանությունն ու մերօրյա տասնյակ ուրիշ ցեղասպանությունները վկա)։
Հիմա ինչի՞ են մեզ ուզում տանել ինքնիշխանության այս նվազեցումներին, բայց դիմադրում կամ մերժում են այլ ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցությունը։
Ես հակված եմ մտածելու, որ ԵՄ-ով կույր հմայվածներն այդ ամենը ոչ էլ գիտեն։
Թեև, կրկնում եմ, մարդ պետք էր շատ անլուրջ լինի, որ մտածի՝ մենք այստեղ միամիտ նստած այս երկրների արանքում մեկ էլ հանկարծ դառնալու ենք ԵՄ անդամ»։