|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքական ազգայնամոլական գաղափարներ տարածող «Յենի Չաղ» պարբերականն անդրադարձել է Հայաստանի հետ սահմանին գտնվող հայ միջնադարյան Տիգնիս բերդի վերականգնման հարցին։

Այդ մասին հայտնում է www.akunq.net –ը։

Թուրքական պարբերականի հաղորդմամբ՝ Կարս նահանգի Քալքանքալե գյուղում, Կարախան (Տիգնիս) գետի արևմտյան ափին գտնվող այս բերդն իբրև թե կառուցվել է 10-րդ դարում և ներկայում դեռ կանգուն վիճակում է։

Թուրքական աղբյուրը նաև շեշտում է, որ այս շինությունը նմանություններ ունի Անիի ավերակներում պահպանված կառույցների հետ, և որ այն արժեքավոր է ոչ միայն պաշտպանական, այլև՝ ճարտարապետական տեսանկյունից։ Սակայն, չնայած դրան, ըստ պարբերականի, մինչ օրս բերդում համապարփակ վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել։

Թուրքական ազգայնամոլական պարբերականը հրապարակման վերջում մեջբերում է նաև Քալքանքալե և Քյուչյուք Աքյուզյում գյուղերի գյուղապետերի խոսքերը, որոնք ևս ընդգծում են բերդը վերականգնելու կարևորությունը։

Թուրքական աղբյուրը բնականաբար չի հայտնում, որ Տիգնիսի բերդն իրականում հայկական է, այն կառուցվել է 10-րդ դարից շատ ավելի վաղ, իսկ 9-րդ դարում վերաշինվել է հայոց Բագրատունիների կողմից՝ Շիրակավան քաղաքի պաշտպանությունն իրականացնելու նպատակով։ Նախկինում բերդն ունեցել է 7 աշտարակներ, որոնցից շատ քիչ բան է պահպանվել։

Թուրքական պարբերականն իրականում այս թեմային անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների «զարգացումների», հայ զբոսաշրջիկների միջոցով այդ շրւաններում տուրիզմը զարգացնելու և շինծու բարեկամության համատեքստում։

Մելինե Անումյան