կարևոր
361 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-13 17:43
Քաղաքական

Փոփոխության հասնելու միակ ճանապարհն ընտրություններին մասնակցելն է, մնացածը դատարկ խոսակցություններ են. Բաբկեն Հարությունյան

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանի  ամենակարևոր խոստումներից մեկն էր՝ ամեն ինչ անել, որպեսզի հայաստանյան քաղաքական դաշտը կայանա։ Բայց, կարծում եմ, Նիկոլը  Նիկոլը չէր լինի, եթե իր խոստումն իրականացներ»,- «Հանրային-քաղաքական դաշտը՝ ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկմանն ասաց «Հայրենիք» կուսակցության ԳՄ անդամ Բաբկեն Հարությունյանը։

Նա նշեց, որ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն ընտրություններին պատրաստվելու պրոցեսը շուտ է սկսել, ինչի մասին հայտարարել են։

«Ուրախ եմ հիմա, երբ տեսնում եմ, որ տարբեր քաղաքական ուժեր  ակտիվացնում են իրենց գործունեությունը։ Բայց այստեղ կարևոր է ֆիքսել խաղի կանոններ, որովհետև եթե մեր խնդիրը միմյանցից  ձայներ տանելն է, այդ դեպքում համարենք՝ Նիկոլը մնալու է իշխանության։ Չի կարող մի քաղաքական ուժ՝ հին կամ նոր, գնալ, աշխատել, փորձել մեկ այլ կուսակցության անդամի տանել իր կողմը»,- ասաց Բ.Հարությունյանը։  

Ըստ նրա, հասարակության տարբեր շերտերի հետ աշխատելու խնդիր ունեն։

«Պետք չէ խանդով, չարությամբ նայել, այլ բաժանել հասարակության հետ աշխատանքն ու սկսել աշխատել։ Հանրության մի զգալի մաս այսօր կողմնորոշված չէ, թեև ընդամենը 114 օր է մնացել ընտրությանը։ Յուրաքանչյուր կուսակցության խնդիրն է աշխատել քաղաքացիների հետ։ Այս առումով՝ մեծ աշխատանք ունենք իրականացնելու»»,- ասաց «Հայրենիք» կուսակցության անդամը։

Նա նշեց, որ իրենց կուսակցությունն առաջիկայում կամբողջացնի ծրագիրը, կներկայացնեն մարդկանց՝ ինչ են խոստանում, ոնց են խոստանում փոխել կյանքը. «Ինչ չափով վստահության քվե կունենանք, այն չափով կկարողանանք բերել այդ փոփոխությունները»։

Ըստ նրա, այսօր մարդկանց մոտ կա մեկ այլ խնդիր. «Ասում են՝ ընդդիմությունը իշխանության համար կռիվ է անում։ Օրինակ, ես իշխանության գալու համար կռիվ եմ անում։ Եթե չգանք իշխանության, յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցիչ չգա  իշխանության, ո՞նց է կարողանալու իր խոստումն իրականացնել, այն փոփոխությունները, որոնց մասին խոստանում է, իրականացնել։ Իհարկե, պետք է պայքար լինի»։

Բաբկեն Հարությունյանը դիմելով  իշխանությունից դժգոհ քաղաքացիներին՝ ընդգծեց, որ չպետք է ընտրությունների օրը նստեն տանն ու մտածեն, որ բոլորն էլ մեկ են. «Ամեն ուժ տարբերվում է մյուսից, ընտրության մեծ հնարավորություն կա»։   

«Եթե ուզում եք ամեն ինչ հանձնելով կեղծ խաղաղություն լինի, գնում և ընտրում եք իշխանությանը, եթե ուզում եք Արարատի նկարը գան ու պոկեն ձեր տնից,  ընտրեք այս իշխանությանը։ Եթե այդ ամենը չեք ընդունում, գնում և ընտրում եք իրական ընդդիմադիր քաղաքական ուժերից որևէ մեկին, որի գործունեությունը ձեզ համար ավելի հարազատ է։ 4 տարի բողոքելու փոխարեն գնալ ընտրության և ընտրել այն ուժին, որը ձեզ ավելի հոգեհարազատ է, փոփոխության հասնելու միակ ճանապարհն ընտրություններին մասնակցելն է, մնացածը դատարկ խոսակցություններ են»,-ասաց Բաբկեն Հարությունյանը։