|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
«Քննչական կոմիտեի պարզաբանումը հենց մերժման մասին է», – նշում է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք՝ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են. պնդումը, թե «քննչական կոմիտեն չի տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու համար», չի համապատասխանում իրականությանը:
«Ի պատասխան Քննչական կոմիտե ստացված Սամվել Կարապետյանի պաշտպանի դիմումի, որով վերջինս խնդրել է պարզաբանել՝ արդյոք դատարանի որոշմամբ թույլատրվա՞ծ է իր պաշտպանյալին հանդես գալու հրապարակային խոսքով, մասնավորապես՝ տեսաուղերձով, նախաքննական մարմինը գրավոր պարզաբանում է ներկայացրել առ այն, որ դատական ակտը մեկնաբանելու լիազորություն չունի: Հետևաբար պնդումը, թե «Քննչական կոմիտեն չի տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու համար», չի համապատասխանում իրականությանը»,- նշվել է ՔԿ պարզաբանման տեքստում:
Արամ Վարդեւանյանը նախ արձանագրեց, որ բնավ զարմանալի չէ, որ հենց «Հայկական ժամանակն» է նման պարզաբանում տարածում: Այնուհետեւ փաստաբանը նշեց. «Խնդրում եմ, ցանկացած անաչառ դիտորդին ներկայացրեք այս պատասխանը, որից ակնհայտ է, որ Քննչական կոմիտեն հենց մերժել է: Պատկերացրեք՝ իմ կողմից պարզապես նման գործելաոճ առկա չէ, թե չէ կհրապարակեի իմ կողմից ներկայացված դիմում-հարցումը եւ դրա վերաբերյալ պատասխանը: Քննչական կոմիտեին դիմում-հարցում է ներկայացվում ոչ թե որպես մի կառույցի, այլ տվյալ դեպքում Սամվել Կարապետյանի՝ որպես վարույթ իրականացվող մարմնի, որին ի պատասխան ստանում են դիրքորոշումը, որ վերջիններս նման մեկնաբանությամբ հանդես գալ չեն կարող: Արդյոք դա նույն մերժումը չէ՞: Եթե լեզվական կամ տերմինաբանական կանոնով էլ առաջնորդվենք, ակնհայտ է, որ դա հենց մերժում է: Ինչն է հետաքրքիր. ես ուղղակի չէի ցանկանում իսկապես նման մանրամասների անդրադառնալ, բայց պատկերացրեք՝ սահմանափակումները կիրառվում են դատարանի որոշմամբ, բայց դրանց պահպանման կամ խախտման հանգամանքները գնահատում է Քննչական կոմիտեն: Այսինքն՝ Քննչական կոմիտեն, երբ հղում է տալիս այն՝ իբրեւ մեկնաբանմանը, որ դատական ակտեր չի կարող մեկնաբանել, սա կիսաճշմարտությունը ներկայացնելու դասական օրինակն է: Չէ՞ որ, եթե ենթադրյալ խախտում տեղի ունենար, ապա դրա գնահատման հասցեատերը լինելու էր հենց Քննչական կոմիտեն: Եվ ես կրկին պնդում եմ, որ նման պատասխանի դեպքում էլ Քննչական կոմիտեն ոչ թե արձանագրել է, որ նման խնդիր արձանագրելու լիազորություն չունի, կամ նման վարքագծի արձանագրելու դեպքում նման լիազորություն չունի, այլ պարզապես խուսափել է պատասխան տալուց, ինչը համարժեք է մերժման: Քանի որ իմ կողմից ներկայացված հարցմանը պարզապես պետք էր պատասխանել՝ «այո» կամ «ոչ»: Բայց մյուս կողմից, որպես դրականը նշեմ, «Հայկական ժամանակի» այս նույն հրապարակման մեջ, որը տվել է քննչական կոմիտեն, ակնհայտ է, որ վերջինս որոշակի իմաստով ընդունում է, որ մերժել է: Ի դեպ, կխնդրեի նաեւ, որ «Հայկական ժամանակը» նաեւ դատախազությունից ստանար դիրքորոշումը, քանի որ մինչ օրս ես ինքս չեմ ստացել, իսկ քրեական դատավարության մասին օրենքի տեսանկյունից սահմանված ժամկետներում պատասխան չտալը կրկին համարժեք է մերժմանը»:
Հիշեցնենք՝ փետրվարի 12-ին կայացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսը, որի ժամանակ ներկայացվել էր տեսաուղերձ Սամվել Կարապետյանի անունից`արհեստական բանականությամբ գեներացված: Այս կապակցությամբ կուսակցությունից հայտարարել են, որ Սամվել Կարապետյանի՝ հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսաձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չի եղել: