|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, երեկ որոշում հրապարակեց, ըստ որի՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։ Թե ինչ իրավական հիմքով է դատավոր էդգար Հովհաննիսյանը նման որոշում կայացրել, այն էլ՝ հայցվորի կողմից հայցը ներկայացնելուց մեկ օր հետո, հասկանանք փաստերով։
Մեծ հաշվով Եկեղեցու թեմի առաջնորդին նշանակելը կամ ազատելը բացառապես կանոնական հարց է, և չի կարգավորվում Վարչական կամ Քաղաքացիական օրենսդրությամբ։ Հետևաբար՝ դատարանը այս երկու օրենսդրությունը հիմք վերցնել չի կարող։
Այսինքն՝ Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդների կամ թեմակալ առաջնորդների նշանակումը, փոխադրումը, ազատումը կարգավորվում են բացառապես Եկեղեցու ներքին կանոնադրությամբ և կանոնական իրավունքով, այն է՝ Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքով, Գերագույն հոգևոր խորհրդի և Վեհափառ Հայրապետի որոշումներով։
Իսկ սա նշանակում է, որ պետական մարմինները միջամտելու, ավելին՝ դատատարանների միջոցով որոշումներ կայացնելու իրավասություն չունեն։ Դատական միջամտությունը հնարավոր է միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ քաղաքացիական իրավունքներին, գույքի կամ անձնական պատվին, բայց ոչ՝ հոգևոր պաշտոնին։
Վարչական օրենսդրությունը հոդված չի նախատեսում, որով շարքային քաղաքացին կարող է վերականգնվել հոգևոր պաշտոնում։ Վարչական օրենսդրությունը վերաբերվում է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց՝ պետական ծառայության շրջանակում։
Եվ հաշվի առնելով այն փաստը, որ՝
1․ Թեմի առաջնորդը պետական պաշտոնյա չէ,
2․ Եկեղեցին՝ պետական մարմին չէ, հետևաբար՝ վարչական ակտ, վարչական վեճ լինել չի կարող։
Այնպես որ, դատարանը վարչական օրենսդրության հիմքով չէր կարող վերկանգնել թեմի առաջնորդի պաշտոնում որևէ քաղաքացու։
Նույնը վերաբերվում է Քաղաքացիական օրենսդրությանը։ Քաղաքացիական օրենսդրությամբ նույնպես դատարանը իրավասություն չունի վերկանգնել որևէ մեկին թեմի առաջնորդի հոգևոր պաշտոնում, քանի որ Քաղաքացիական օրենսդրությունը կարգավորում է միայն՝
1․գույքային հարաբերություններ,
2․պայմանագրեր,
3․աշխատանքային հարաբերություններ (որոշ դեպքերում)։
Իսկ թեմի առաջնորդի կարգավիճակը
1․ Աշխատանքային պայմանագրի արդյունք չէ,
2․ Վարձու աշխատանքի ձև չէ,
3․ Ունի բացառապես հոգևոր-կանոնական բնույթ։
Իսկ սա նշանակում է, որ թեմակալ առաջնորդը չի կարող դատարան դիմել՝ վերականգնելու իր պաշտոնը՝ որպես քաղաքացիական իրավունք։
Իսկ դատարանը կարող է միջամտել, միայն այն դեպքերում, եթե կա գույքային վեճ (օրինակ՝ թեմի գույք, բնակարան, ֆինանսներ), եթե խախտվել են քաղաքացիական անձնական իրավունքներ (պատվի, արժանապատվության պաշտպանություն), եթե վեճը վերաբերում է իրավաբանական անձի գրանցման կամ գույքային կառավարման հարցերին։
Սակայն նույնիսկ այս դեպքերում դատարանը չի կարող պարտադրել Եկեղեցուն՝ վերականգնել անձին որպես թեմի առաջնորդ։
Բացի նրանից, որ Վարչական և Քաղաքացիական օրենսդրությունները դատարանին չեն լիազորում վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում տվյալ քաղաքացուն, կա նաև սահմանադրական հիմք, որով Եկեղեցին ու պետությունը տարանջատված են, և դատարանն իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին գործերին, հոգևոր պաշտոնի հարց լուծել, որոշել ինչ-որ մեկին հոգևոր պաշտոնում նշանակել , ազատել կամ վերականգնել։
Ի մի բերելով փաստերը, կարող ենք հետևություն անել, որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վերաբերյալ դատարանի որոշումն իրավական հիմք չունի, այն քաղաքական պատվեր է, որը կայացվել է օրենքի և Սահմանդրության կոպտագույն խախտումով։
Հերմինե Զեյնալյան