|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Միացյալ Նահանգները Լիբանանից պահանջել է փակել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման բոլոր ուղիները և կոչ է արել խստացնել իրավական-ֆինանսական միջոցառումների կիրառումը՝ շարժման կողմից իր գործունեությունը ֆինանսավորելու համար օգտագործվող «կանխիկ տնտեսությանը» վերջ դնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը։
ԱՄՆ-ն այս պահանջները ներկայացրել է երկրի ֆինանսների նախարարության Ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի ավագ տնօրեն Սեբաստիան Գորկայի գլխավորած պատվիրակության՝ Բեյրութ կատարած այցի ժամանակ:
«Մենք պետք է վերացնենք «Հեզբոլլահ»-ի կողմից իր ռազմական ենթակառուցվածքները վերականգնելու համար օգտագործվող կանխիկ տնտեսությունը», - նշել է պատվիրակության ղեկավարը՝ ավելացնելով, որ «Հեզբոլլահ»-ին ուղղված ցանկացած ֆինանսական արտահոսք պետք է դադարեցվի։
Տեղեկություններ են հաղորդվում, որ պատվիրակությունը «քննարկել է բանկային ոլորտից դուրս շարժման ֆինանսական ուղիները, որոնք թույլ են տվել 1 միլիարդ դոլար Իրանից հասցնել «Հեզբոլլահ»-ին», ինչպես նաև անդրադարձ է կատարվել ցամաքային, օդային և ծովային սահմանային անցումների վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտությանը։
Պատվիրակությունը նոյեմբերի 9-ին ժամանել է Բեյրութ և հանդիպել նախագահ Ջոզեֆ Աունի հետ։ Նախագահական գրասենյակի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ հայտարարվել է, որ «Լիբանանը խստորեն կիրառում է փողերի լվացման, մաքսանենգության կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ դրանց օգտագործման կանխարգելման համար ընդունված ընթացակարգերը և խստորեն պատժում է ցանկացած տեսակի ֆինանսական հանցագործություն»։
Գրառման մեջ ընդգծվել է «Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ դադարեցնելու Լիբանանի վրա շարունակվող հարձակումները և ստիպելու նրան իրականացնել նախորդ տարի ձեռք բերված համաձայնագիրը»։