կարևոր
502 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-06 11:19
Քաղաքական

ՌԴ-ից Հայաստան երկաթուղային ճանապարհի բացումը ներդրում է Կովկասում տիրող խաղաղության համար․ Օվերչուկ

ՌԴ-ից Հայաստան երկաթուղային ճանապարհի բացումը ներդրում է Կովկասում տիրող խաղաղության համար․ Օվերչուկ

Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցության բացումը իրական ներդրում է դարձել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ փոխանցում է TASS-ը։

Ավելի վաղ ՌԴ-ից Հայաստան նոր տրանսպորտային երթուղով առաջին անգամ ցորենի բեռ էր առաքվել։ «Ողջունում ենք Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը»,- ասել է կառավարության փոխնախագահը։ Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր առաջին անգամ է երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն իրականացվում։ Ըստ Օվերչուկի՝ այս իրադարձությունը «իրական, շոշափելի ներդրում է դարձել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում», ինչպես նաև վկայում է տարածաշրջանային կայունության և տարածաշրջանի բոլոր պետությունների տնտեսական զարգացման համար ՌԴ-ի կատարած աշխատանքի մասին։

Օվերչուկն ընդգծել է, որ նոր երթուղին ամրապնդում է ՌԴ-ի տրանսպորտային կապը տարածաշրջանի երկրների հետ, բարձրացնում է Հայաստանի շուկաների հասանելիությունը Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններից եկող ապրանքների համար և բարելավում է այդ միավորման շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։

«Խորհրդանշական է, որ այս ճանապարհով անցնող առաջին բեռը եղել է ռուսական հացահատիկը՝ կյանքի և արարման կարևորագույն խորհրդանիշներից մեկը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, հակամարտությունից համագործակցության անցման ընդհանուր ձգտումը»,- հավելել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ նոր երկաթուղային ուղու բացումը դարձել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 և 2021 թվականների պայմանավորվածությունների, ինչպես նաև երեք երկրների փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի հետևանք։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ համատեղ աշխատանքի, ինչպես նաև Վրաստանին՝ տվյալ երթուղով փոխադրումների կազմակերպման գործում կառուցողական մասնակցության համար»,- եզրափակել է կառավարության փոխնախագահը։