կարևոր
8773 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-29 18:31
Հասարակություն

Նոր մարդաորս Գյումրիում․ նպատակը ՏԻՄ-ի զավթումն է

Նոր մարդաորս Գյումրիում․ նպատակը ՏԻՄ-ի զավթումն է

«Գյումրիի ավագանու ՀԿԿ ընտրացուցակով 10-րդ տեղում առաջադրված Տիգրան Ավագյանն ու նրա եղբայր Գևորգ Ավագյանն այս պահին դատարանում են։ Դատարանը քննելու է նրանց խափանման միջոցի հարցը»,-այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը, վայր է դրել մանդատը, իսկ այսօր իրավապահները ձերբակալել են Տիգրան և Գևորգ Ավագյան եղբայրներին։  

«Երկու եղբայրներն էլ  բավական ակտիվ են, և միշտ աչքի են ընկել իրենց ընդդիմադիր հայացքներով, մասնակցել են թե՛ Դիմադրության շարժմանը, թե՛ Սրբաժան շարժմանը և Գյումրիում կազմակերպված գրեթե բոլոր քաղաքական ակցիաներին։ Այս պահին կալանքի տակ են Սեդրակ Սահակյանն ու Գևորգ Ղուկասյանը։ Չգիտեմ ինչ ընթացք կունենա, բայց, համենայն դեպս, արդեն սկսել են ավագանու անդամների մարդաորսը, որպեսզի որևէ մեկը չկարողանա մանդատ վերցնել ու, այդպիսով, իշխանությունը, իրավապահների միջոցով,  կարողանա շարունակել Գյումրու զավթման օպերացիան»,-ասաց Մհեր Մելքոնյանը։ 

Հիշեցնենք, որ կալանավորված Սեդրակ Սահակյանն ու Գևորգ Ղուկասյանը Գյումրու ավագանու անդամներ են, ովքեր ընտրվել են Վարդան Ղուկասյանի գլխավորած ՀԿԿ ընտրական ցուցակով։

Այսօր ձերբակալված Տիգրան Ավագյանը ավագանու անդամի պոտենցիալ թեկնածու է, ում չեզոքացնելով, փաստորեն, Փաշինյանի իշխանությունը իր հին ու փորձված մեթոդով փորձում է զավթել հերթական ՏԻՄ֊ը` տեղական իշխանությունը Գյումրիում։