Փոխարժեքներ
01 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.74 |
EUR | ⚊ | € 448.8 |
RUB | ⚊ | ₽ 4.6795 |
GBP | ⚊ | £ 515.63 |
GEL | ⚊ | ₾ 140.69 |
Ա-Գաղութարար ծեր աղւէս՝ Անգլիան մերթ ընդ մերթ դրդելով արաբական որոշակի երկրների, վերջիններիս մղում է բարձրաձայնելու իրանական եռեակ կղզիների (Մեծ եւ Փոքր Թոնբ եւ Բումուսա) իբր էմիրեթական պատկանելիութեան մասին։ Վերջին չորս տասնամեակում անգլոսաքսոնական այս մանիպուլիացիան, որպէս կրկնակի ճնշամիջոց, կիրառւում է Իրանի դէմ, յատկապէս երբ միջազգային մասշտաբով խնդրոյ առարկայ է նրա միջուկային տեխնոլոգիայի թղթածրարը։
Ինչ խօսք՝ Իրանը եւ իրանական ժողովուրդը տւեալ դէպքում, ինչպէս որ սպասելի է, մնացել է անդրդւելի՝ ոգի ի բռին պաշտպանելով իր ազգային-պետական անառարկելի իրաւունքը, շահն ու արժանապատւութիւնը։
Հնամենի գաղութատէրը դեռ շահական Իրանի ժամանակաշրջանում էր նպատակադրել սեփականատիրել երկրի նաւթային ռեսուրսները, բայց նոյն նաւթի ազգայնացման շարժումն ու այդ գծով միջազգային մանդատի ու յաղթաթուղթի նւաճումը կանխեց գաղութատէրի անյագ ախորժակը։
Այսօր էլ նոյն Անգլիան, որպէս նէօ-գաղութարար միջազգային հարթակներում որդեգրած ունի հակա-Իրան կեցւածք եւ Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ լինելով եւրոեռեակի (Տրոյիկա) անդամ, միջուկային ձախորդ բանակցութիւնների արդիւնքում՝ վերականգնել է Իրանի դէմ նոյն մաշւա՜ծ-փորձարկւած սանկցիա-պատժամիջոցները։
Բ - Անգլոսաքսոնական գաղութարարը, որպէս սիոնիզմի գլխաւոր կնքահայր, 1917-ի Բալֆորեան յայտարարագրից սկսեալ նեցուկ է կանգնել ձեւաւորւող իսրայէլական երկրին, հիմքում՝ արաբական նաւթային հարուստ ընդերքը վերահսկելու նպատակադրմամբ։
Աւելի քան 100 տարի անց՝ նոյն Իսրայէլի կնքահայրն այսօր նոր մանիպուլիացիայի դիմելով՝ յայտարարում է պաղեստինեան երկրի ինքնիշխանութեան եւ հիմնադրման մասին։
Զաւեշտալին, սակայն, այս խնդրում այն է, որ «խաղաղարար» Թրամփը Գազայում իր պատկերացրած խաղաղութեան հաստատման անցումային փուլի համար կառավարիչ է կարգել հին գաղութարարի կրկնակի հին ղեկավարի, յանձինս նախկին վարչապետ Թոնի Բլերի…։
Ահա, սրանք են, որ սիոնիստական մանկասպան ու ցեղասպան ռեժիմի կողմից շուրջ 70 հազար պաղեստինցիներին կոտորելուց յետոյ միայն ՝ յիշում են «խաղաղութեան» մասին…։
Գ- Գաղութարար հին աղւէսն ոչ միայն Աֆրիկաներում ու արեւմտեան Ասիայի երկրներում, այլ եւ մանաւանդ հարաւկովկասեան տարածաշրջանում է ի ցոյց դրել իր շահադիտական նկրտումները՝ հիմնաւորապէս նեցուկ հանդիսանալով տւեալ շրջանում պանթուրանական ծաւալապաշտութեանը։ Դա այդպէս է եղել դեռ 20-րդ դարի սկզբներից, երբ նոյն Անդրկովկասում գլուխ են բարձրացրել թաթարական բաշիբոզուկները, ստեղծելով հետագայի՝ շինծու ադրբեջանական հանրապետութիւնը։
Ահա, նաւթային եզակի հոտառութեամբ օժտւած Մեծ՜ն Բրիտանիայի «դիպլոմատ հրէշներն» այդ նոյն ժամանակաշրջանում որդեգրել են յայտնի թէզը, որի համաձայն էլ՝ «Ադրբեջանի նաւթը գերադասւել է հայկական արեանը…»։ Հէնց այդ անգլիական հրէշներն են եղել, որ թէ՛ Նախիջեւանի, եւ թէ՛ Արցախի պաշտպանութեան ու հայկական պատկանելիութեան համար կռիւ տւող Զօր. Անդրանիկին ու միւս ռազմաքաղաքական ղեկավարութեանը մոլորեցնելով ու սուտ խոստումներով՝ հեռու պահեցին հայոց ցանկալի յաղթանակից ու հողային-տարածքային արդար իրաւունքի իրացումից։ Այո, այդ ամէնը՝ ի խնդիր «Նորին գերազանցութիւն՝ ՆԱՒԹ-ի»։
Եւ յարգելի ընթերցող, ինչպիսի՞ն է այսօր՝ միեւնոյն աշխարհագրութեան այսպէս ասած՝ ճանապարհային քարտէզը՝ 107 տարի անց…։
Նայէք օկուպացւած-բռնագրաււած եւ ինչու ոչ՝ ազգադաւ «իւրայինի» կողմից նւիրաբերւած հայկական Արցախին. այնտեղ նաւթագազային նոր օբիեկտներ ու խողովակներ են կառուցւում, որոնց գլխաւոր փայատէրն ու շահառուն ոչ այլ ոք է, եթէ ոչ հի՜ն աղւէսի՝ անգլիական Բրիթիշ փեթրոլիոմը, իր տարատեսակ ընկերութիւններով…։ Եւ փոխադարձաբար՝ Ալիեւ-Փաշաեւ գերդաստանի նաւթադոլարները ապահովագրւած են ի պահ՝ լոնդոնեան բանկերում…։
… Իսկ Հայաստան երկիրը 2020-ի 44-օրեայ պարտադրեալ պատերազմում մէկ կողմից «օժտւած էր» նախագահով, ով մի քանի անգամ հաւաստեց նէօ-գաղութարար Անգլիային, որ հայկական ուժերը չեն հրթիռակոծելու նաւթային խողովակները…, իսկ միւս կողմից ունեցաւ կապիտուլեանտ վարչապետ ու իշխանամոլ խունտա, որոնք ուրացան Արցախը, դրանից բխող վտանգալի հետեւանքներով՝ մնացորդաց Հայաստանի ու ողջ հայութեան համար…։
***
20-րդ դարասկզբին ու դարավերջին հայկական «Լաօ-ն» զարթօնք է ապրել ու նւաճել ոտնակոխւած իրաւունքը՝ յաղթանակներով։
Երրորդ հազարամեակ թեւակոխած հայորդին ամէն պատճառ ու պարտաւորութիւն ունի ծունկի չգալու նոր ու յատկապէս հայանուն «Խուժան Ասկեարների» առջեւ…։
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու