Փոխարժեքներ
12 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
Սեպտեմբերի 3–7-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը։ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին մասնակցում էին Հայոց Եկեղեցու նվիրապետական Աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների, ինչպես նաև Քույր Եկեղեցիների, տարբեր հարանվանությունների և միջեկեցական կառույցների ներկայացուցիչներ։
Միջեկեղեցական հավաքին քննարկվեցին Նիկիական ժառանգության հոգևոր, հովվական և ժամանակակից կողմերին և քրիստոնեական միասնությանն առնչված հարցեր, ինչպես նաև Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները։
Նիստերի ընթացքում Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներն իրենց մտահոգությունը հայտնեցին Հայաստանում և ամբողջ աշխարհում տիրող ներկայիս դժվարին կացության, հատկապես արցախահայերի բռնի տեղահանության, Բաքվում մինչ օրս պահվող հայ գերիների, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերի առնչությամբ։ Ժողովը վերահաստատեց Եկեղեցու անսասան առաքելությունը, որպես հույսի, բժշկության աղբյուր և հաշտության ու համերաշխության միջոց բոլոր ժողովուրդների և ազգերի համար, որոնք կանգնած են տառապանքի ու փորձությունների առջև։
Հատուկ անդրադարձ կատարվեց նաև թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին՝ ի խնդիր հոգևոր ծառայության, քարոզչության և կրթության առավել արդյունավորման՝ ուշադրության հրավիրելով նաև դրացում առկա վտանգներին։ Միևնույն ժամանակ ընդգծվեց, որ Նիկիայի ոգին, միասնության և Ավետարանին հավատարիմ մնալու հրամայականով, այսօր էլ կարող է ներշնչել քրիստոնյաներին վստահությամբ ու հույսով դիմագրավելու առկա մարտահրավերները՝ աճող աշխարհիկացման պայմաններում։
Ժողովի մասնակիցները վերահաստատեցին իրենց հանձնառությունը քրիստոնեական սիրով, միասնաբար և համատեղ տեսլականով ամեն ջանք գործադրել ի խնդիր ժողովուրդների ու ազգերի միջև խաղաղության, արդարության ու համերաշխության հաստատման։
Հավաքի մասնակիցների համար կազմակերպվել էր նաև ուխտագանցություններ Հայաստանի տարբեր սրբավայրեր։
Սեպտեմբերի 6-ին՝ Նիկիայի Սուրբ ժողովի 318 հայրապետների հիշատակության օրը, ժողովականները Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին Կիրակնամտի ժամերգությանը։ Այս առիթով դուրս բերվեց Նիկիայի առաջին տիեզերաժողովին Հայոց Եկեղեցու կողմից մասնակցած Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը։