կարևոր
736 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-04 19:10
Հասարակություն

Ցեղասպանությունը Անկարայում՝ ըստ 1918-19 թթ․ հայ մամուլի՝ «Առավոտ»-ի էջերի

Ցեղասպանությունը Անկարայում՝ ըստ 1918-19 թթ․ հայ մամուլի՝ «Առավոտ»-ի էջերի

1918-19 թթ օսմանյան մամուլն ուսումնասիրելիս Ստամբուլի հայկական մամուլն արժանի է առանձին քննարկման։ Այնուամենայնիվ, այդ ժամանակաշրջանի հայկական մամուլը մինչ օրս բավարար ուշադրության չի արժանացել կամ համարժեք գնահատական չի ստացել։

Հայկական մամուլը պատերազմից հետո բազմաթիվ հրապարակումներ է արել՝ լուսաբանելով Ցեղասպանությունը և կարևոր տեղեկություններ տրամադրելով հանրությանը։ Իթթիհադականների դատավարություններին անդրադառնալու հետ մեկտեղ, այս թերթերը լուսաբանել են նաև Փոքր Ասիայի բազմաթիվ շրջաններում Ցեղասպանության նպատակով կատարված կոտորածները, մատնանշել պատասխանատուներին և բացահայտել մարդասպաններին։ Այդ ժամանակաշրջանի հայկական թերթերի էջերը պարունակում են բազմաթիվ տեղեկություններ, որոնք դեռևս լույս չեն տեսել։ 1918-19 թթ․ հայկական մամուլը դեռ սպասում է իր հետազոտողներին։

Մենք կարող ենք որպես օրինակ բերել այդ թերթերից մեկը՝ «Առավոտ» պարբերականը. «Առավոտ»-ի 1919 թ․ ապրիլի 28-ի համարում հրապարակվել են ցեղասպանության մեղադրյալների դատավարությունների մասին հաղորդագրություններ։ Այն հիշատակում է Գիրեսունում (Կերասուն-Ակունքի խմբ․) հավաքված աղքատ գաղթականներին, որոնց վիճակը գնալով դժվարանում էր։ Այն նաև ներառում է ցեղասպանության ժամանակ բռնագրավված սննդի վերադարձման խնդրանքը։

Անկարայի Հայմանա հույներ

Մ. Սուրյանի «Տեղահանություն և կոտորած – Ստանոզ և Այաշ» վերնագրով հոդվածում, որը կենտրոնանում է Ցեղասպանության թեմայի վրա, ներկայացվում են Անկարայի 800 տնտեսություն ունեցող Ստանոզի և մեկ ժամ հեռավորության վրա գտնվող ևս 20 տնտեսություն ունեցող Կրաց Քարի կոտորածները. «Այս երկու բնակավայրերի հայ տղամարդիկ տեղահանվել և ամբողջությամբ կոտորվել են։ Մյուս կողմից, կանայք ցրվել են թուրքական գյուղեր և ենթարկվել տարբեր կտտանքների ու նվաստացումների։ Կրետացի Զեքի անունով մի սպա կոտորել է Ստամբուլից Այաշ տեղահանված 23 մտավորականների, իսկ որոշ վկայությունների համաձայն՝ Այաշ Բելինում՝ 33-ի, սերժանտ Հուրշիթի հետ միասին։ Նրանց սպանելուց հետո նա վերադարձել է Ստանոզ և արյան ծարավը հագեցնելու համար տղամարդկանց աքսորել է քաղաքից։ Բոլորին անհետ ոչնչացրել են։ Առաջին տեղահանված խմբի մի մասը մնացել է Ստանոզում և Անկարայում, իսկ մյուս մասը՝ Անկարայի մերձակայքում։ Երկրորդ շարասյան մեջ ավելի քան 50 հայ բողոքականներ են եղել․ կոտորվել են։ Կոտորածը տեղի է ունեցել Բելորեն բլրի ժայռերի վրա՝ Ինջիրջե կոչվող վայրում, որը Ստանոզից մեկ ժամ քայլքի հեռավորության վրա է։ Ոսկորները հայտնաբերվել են նույն տարածքում գտնվող ջրհորներում։

Նկարագրվում են Ստանոզի երեխաների կոտորածները և նրանց մայրերի անօգնականությունը։ Գրված է զանգվածային սպանությունների, կոտորածների վայրերի և դրանց մեթոդների մասին։

Սվասի (Սեբաստիա-Ակունքի խմբ․) պատգամավոր, բժիշկ Կարապետ Խան Փաշայանի մահը եղերական էր։ Փաշայանը սպանվել է՝ աչքերը հանելով։

Ստանոզը թվարկում է ոճրագործներին.

Այաշի շրջանի նահանգապետ[i]

Բայրաքթար Հասան[ii]

Ոստիկան Իբրահիմ[iii]

Շեհիրլի Իսմայիլ

Կրետացի Զիյա, սպա

Հուրշիտ Չավուշ[iv]

Բըյըղըն Ալի

Բեյփազարի ժանդարմերիայի Քադիր

Սերայլի Համդի

Բաջլը Հալիլ

Քյություքչյու Հասան

Սթանոզի ժանդարմերիա Մուստաֆա

Գայի գյուղացիներ

«Ատավոտի» մարդասպանների ցուցակը համընկնում է Զավեն պատրիարքի կազմած ոճրագործների ցուցակի հետ։

«Նահատակ մտավորականների աճյունները» վերնագրով հոդվածում, 2-րդ էջում, «Առավոտ»-ը կենտրոնանում է Ստամբուլից Այաշ աքսորված հայ մտավորականների ճակատագրի վրա։ Նաև տեղեկություններ են տրամադրված հայ առաջնորդների կոտորածների մասին, այն խոռոչների և ջրհորների, ուր նետել են նրանց։ Հոդվածը խնդրում է պատրիարքարանին վերադարձնել 1915 թ․ ապրիլի 24-ին Ստամբուլից աքսորված հայ մտավորականների մասունքները, որոնք գտնվել են Բաշ Այաշ գյուղի դիմացի բլրի ստորոտի խոռոչներում և դրանք տեղափոխել Ստամբուլ. «Խնդրում ենք պատրիարքարանին այստեղ ուղարկել քահանա և այս մասունքները նրա ղեկավարությամբ տեղափոխել Ստամբուլ։ Եթե դա ցանկալի չէ, ապա գոնե թաղել դրանք Ստանոզի հայկական գերեզմանատանը»։

Այսօր Ստանոզի հայկական գերեզմանատունը թալանվել է գանձագողերի և թալանչիների կողմից։ Գերեզմանաքարերը մի քանի տարի առաջ տեղադրվել են քաղաքային այգում՝ որպես զարդարանք։

Առաջարկեցի համայնքային տանը, որ գոնե այս տապանաքարերը, իրավիճակի մասին տեսողական ֆայլի հետ միասին, քաղաքային այգուց տեղափոխվեն Ստամբուլի Շիշլիի հայկական գերեզմանատուն։ «Նման իրեր շատ ունենք», – եղավ պատասխանը։ Այսօր տապանաքարերը այլևս այգում չեն։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ են դրանք տարվել։ Գերեզմանոցը կորել է…

[i] Զավեն պատրիարքի՝ բնաջնջողների ցուցակում նա նշված է որպես 13-րդ համարի տակ. Մեմդուհ «բեյ», Այասի շրջանի կառավարիչ, Այասից տեղահանված հայ բարձրաստիճան մարդկանց մարդասպաններից մեկը։ [ՀՈՒՍԵՅՆ ՄԵՄԴՈՒՀ ՕԶՈՐԱՆ» (1884-1958) Մեմդուհին 1915 թ․ հուլիսից սկսած ծառայել է որպես Այասի շրջանի կառավարիչ։ 1917 թ․ մայիսին նա նշանակվել է Կոնիայի նահանգի՝ աքսորյալների հավաքատեղիի ներգաղթյալների տնօրեն։ 1917 թ․ նոյեմբերին նա նշանակվել է Դևելիի շրջանի կառավարիչ, իսկ 1918 թ․ ապրիլին՝ Բյունյանի շրջանի կառավարիչ հայկական շրջաններում։ 1927 թ․, քեմալականների շրջանում, Մեմդուհին նշանակվել է Պետական խորհրդում։ Նա ծառայել է որպես Պետական խորհրդի անդամ և Պետական խորհրդում գլխավոր քարտուղար՝ մինչև 1948 թ․ «արդարադատություն» իրականացնելով վարչական դատական համակարգում։]

[ii] Պատրիարքի ցուցակում 92-րդ տեղում է. Բայրաքթար Դելի Հասան, հողատեր Այաշում և Ստանոզում, ապրում էր շքեղության մեջ։ Նա իր տանը բանտարկված էր պահում մի քանի երիտասարդ հայ աղջիկների։ Հասանը հովիվ էր, որը արածեցնում էր հայերի անասունները։ Նա կարողանում էր խոսել հայերեն։ Ապրեց մինչև 70 տարեկանը և իր վերջին օրերին, նախքան սատակելը, շատ հիվանդ էր։ Իր որդիներին ուղարկեց Ստամբուլ՝ Ստանոզի հայերի մոտ՝ նրանց ներումը խնդրելու։ Նրա որդիները ներողություն խնդրեցին իրենց հոր համար։ Ստանալով Ստանոզի հայերից իրենց խնդրածը՝ որդիները վերադարձան Անկարա և փոխանցեցին այն իրենց հորը։ Հասանը հաջորդ օրը «խաղաղությամբ» սատակեց։

[iii] Պատրիարքի ցուցակում 93-րդ տեղում է. Բայրամի որդին՝ ոստիկան Իբրահիմը, Այաշում, վերոնշյալ անձի [Հասանի] օգնականը, որը Ստանոզում կոտորել էր 600 հայի. նա բռնաբարել և սպանել էր 13-14 տարեկան տասներկու տղա երեխաների։

[iv] Պատրիարքի ցուցակում 75-րդ տեղում է։ Հուրշիդ Չավուշ, մակեդոնացի (իսլամ), ոստիկանության կոմիսար, մարդասպան, այժմ Այաշում։

Սաիթ Չեթինօղլու

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net