|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը՝ նշելով, որ նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել փետրվարի 24-ին․ դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել է միջնորդությունը։
«Նախաքննական մարմինը 2026 թվականի փետրվարի 24-ին միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Նույն օրը Դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ա.Սարգսյանին հայտնաբերելու եւ ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քնարկվելու է դատարանի կողմից», - հայտնեցին դատարանից։
Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա, հանդիսանալով 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը, 2001-2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը և դրդել այդ ժամանակահատվածում պաշտոնավարած ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետերին՝ իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելուն։
ՀՀ Գլխավոր դատախազությունից NEWS.am–ին հայտնեցին, որ դատախազը Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46֊256֊րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` (վստահված գույքը հափշտակելուն դրդել):Խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել հետախուզում: