Միասին կարող ենք
կարևոր
715 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-09 20:22
Աշխարհ

Իրադարձության քարոզչական ներկայացումը կարող է օգտակար լինել ավերիչ պատերազմը կանգնեցնելու առումով․ իրանագետ

Իրադարձության քարոզչական ներկայացումը կարող է օգտակար լինել ավերիչ պատերազմը կանգնեցնելու առումով․ իրանագետ

Իրանի դեմ պատերազմի նպատակների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի և տարբեր պաշտոնյաների հայտարարությունների հակասականությունը, կարծում եմ՝ պայմանավորված է նաև ռազմաքաղաքական գործընթացներում տեղի ունեցող դինամիկ փոփոխություններով։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Մասնավորապես, այսօր ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն այդ նպատակները սահմանել է երկու բաղադրիչով՝ Իրանի նավատորմի և հրթիռների ոչնչացում, այլևս չխոսելով իշխանափոխության և այլ հարցերի մասին։

Որքանով այս տեսակետն ամփոփոխ կմնա շատ դժվար է ասել՝ հատկապես վերոնշյալ հակասական հայտարարությունների փորձն ի նկատի ունենալով, սակայն նշված հայտարարությունը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին անհրաժեշտության դեպքում դուրս գալ պատերազմից, քանի որ նախագահ Թրամփն արդեն հայտարարել է, որ իրանական նավատորմն այլևս չկա (չնայած այն կա և փաստացի փակել է Հորմուզի նեղուցը), և ոչինչ չի խանգարում նման մի պնդում էլ առաջիկայում անել իրանական հրթիռների մասին։

Հետճշմարտության աշխարհում իրադարձության ոչ թե իրական բնույթը, այլ դրա քարոզչական ներկայացումն այստեղ պարադոքսալ կերպով կարող է օգտակար լինել ավերիչ պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն առայժմ դրա հնարավոր դադարի ոչ մի այլ նշան կարծես թե չկա»,-գրել է նա։