Փոխարժեքներ
28 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմը պատրաստվում է տեղափոխվել Երեւան քաղաքի Պուշկինի 56ա հասցեից, որտեղ իրականացնում է գործունեությունը այժմ, եւ աշխատանքները շարունակելու է Մոսկովյան 5 հասցեում՝ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի հարեւանությամբ։
Բանն այն է, որ դեռ նախորդ տարի ՀՀ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեության համար միջազգային չափանիշներին համապատասխան շենքային պայմանների ապահովման խնդիրը լուծելու խնդրանքով։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ գործող վարչական շենքում աշխատատեղերի մակերեսը բավարար չէ աշխատանքային պայմանների ապահովման համար (օրինակ՝ 24 մ2 տարածք ունեցող աշխատասենյակում աշխատում է 5 մարդ):
«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը տեղում արձանագրել է Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքի պայմանները, որոնք ոչ բարվոք եւ անմխիթար են։ Տարածքին հետեւող հսկիչ աշխատակցի միջոցով նաեւ հաջողվեց ներս մտնել։ Սենյակներ կային, որոնք անգամ չունեին դուռ եւ պատուհան, պատերն էլ ճաքճքած վիճակում էին։
Հսկիչը պատմում է, որ ՄԻՊ աշխատակազմի տեղափոխումը միանշանակ է, քանի որ շինարարներ են գալիս-գնում, տարածքը չափագրում, ասել են, որ սեպտեմբերից շինարարական աշխատանքները կմեկնարկեն։
Այսինքն՝ ՄԻՊ-ի դիմումից գրեթե 1 տարի անց միայն արձագանք ստացվեց ՏԿԵ նախարարությունից։
Հետաքրքիրն այն է, թե ում է հանձնվելու ՄԻՊ-ի ներկայիս գրասենյակը, որը գտնվում է Երեւանի սրտում։
Համաձայն ՏԿԵՆ ուղարկված ՄԻՊ-ի դիմումի՝ առաջարկվել է քննարկել քաղաք Երեւանի Մոսկովյան 5 հասցեում (Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի հարեւանությամբ) գտնվող վարչական շենքը, իսկ այդ շենքը ՄԻՊ-ի աշխատակազմին ամրացնելու դեպքում՝ ՄԻՊ-ի կողմից այժմ զբաղեցվող (քաղաք Երեւան, Պուշկինի 56ա հասցեում գտնվող) վարչական շենքը ընդգրկել պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, որը կարող է օգտագործվել այլ պետական մարմնի կարիքների համար։
Թե ում է մնալու քաղաքում գտնվող շենքը, հարցական է։
Հուսանք՝ շենքային պայմանների փոփոխությունը ՄԻՊ աշխատելաոճում եւս փոփոխությունների կհանգեցնի, եւ այդ փոփոխությունը կվերաբերի ոչ միայն շենքային պայմաններին, այլեւ իրական գործունեությանը, հատկապես, երբ երկրում կան քաղբանտարկյալներ եւ հալածյալներ, իսկ ՄԻՊ-ը լռում է այդ մասին»։