կարևոր
940 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-15 11:53
Քաղաքական

Կայսրություններն անկում են ապրում, երբ ազգային ռազմավարությունը ստորադասվում է ընտանեկան կապերին, կլանային պարտավորություններին. Արա Այվազյան

Կայսրություններն անկում են ապրում, երբ ազգային ռազմավարությունը ստորադասվում է ընտանեկան կապերին, կլանային պարտավորություններին. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է «Պատմական օրինաչափություն» վերնագրով  ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

«Պատմության ընթացքում աշխարհը բազմիցս ականատես է եղել հզոր կայսրությունների վերելքին, որոնք ժամանակի ընթացքում իշխել են հսկայածավալ տարածքների վրա, ձևավորել են համաշխարհային քաղաքականությունը և ուղղորդել քաղաքակրթությունների ընթացքը։ Հռոմեական կայսրությունից մինչև Չինաստանի տարբեր դինաստիաներ, Բրիտանական կայսրությունից մինչև Խորհրդային Միություն՝ այս տերությունները կուտակել են աննախադեպ ազդեցություն և հարստություն։ Սակայն, որքան հզոր էլ որ դրանք թվացել են իրենց ծաղկման շրջանում, ոչ մեկը զերծ չի մնացել անկումից։ Նրանք չեն կործանվել հանկարծակի և գրեթե երբեք առանց նախազգուշացնող նշանների։ Յուրաքանչյուր կայսրության անկումը ունեցել է իր պատճառահետևանքային առանձնահատկությունները, սակայն բոլորի դեպքում միավորորղը եղել են գերագնահատված ինքնավստահությունը, մեծամտությունը և իրականությունից կտրված լինելը։

Դարերի ընթացքում ձևավորվել է մի անժխտելի օրինաչափություն․ այն կայսրությունները, որոնք սկսում են հավատալ իրենց հավերժությանն ու գերակայության ճակատագրական արդարացվածությանը, մի օր փլուզվում են հենց այդ նույն մեծամտության պատճառով։ Պատմությունը՝ անաչառ և անողոք, պատժում է նրանց, ովքեր ուժը շփոթում են անպարտելիության հետ։ Այն, ինչ սկսվում է որպես գերիշխանություն, հաճախ ավարտվում է պառակտմամբ, քանզի որքան խորն է անխոցելիության պատրանքը, այնքան թույլ է կայսրության դիմադրողականությունը փոփոխություններին։

Ամենավտանգավոր դրսևորումներից մեկն էլ այն համոզմունքն է, որ գերիշխանությունը ոչ միայն արդարացված է, այլ նաև պատմականորեն, բարոյապես ու ի վերուստ կանխորոշված։ Նման մեծամտությունը խաթարում է իրականության ընկալումը, հատկապես երբ իշխանավորները շրջապատվում են միայն հպատակներով, քծնողներով ու խամաճիկներով։ Քննադատությունը դիտվում է որպես դավաճանություն, իսկ փաստերը մնում են ստվերում։ Որպես հետևանք՝ իրականությունից կտրված առաջնորդները սկսում են գործել ոչ թե իրողությունների հիման վրա, այլ հավերժ գերակայության պատրանքով։

Կայսրություններն անկում են ապրում, երբ ազգային ռազմավարությունը ստորադասվում է ընտանեկան կապերին, կլանային պարտավորություններին կամ «պատմական» իրավունքների պատրանքին։ Երբ արտաքին քաղաքականությունը ձևավորվում է ոչ թե ռազմավարական հաշվարկներով, այլ անձնական կապերով ու փառասիրությամբ, կայսրությունները սկսում են փլուզվել ներսից։

Հռոմեական կայսրության անկումը չսկսվեց միայն արտաքին ներխուժումներից։ Այն սկսվեց այն պահին, երբ կայսրերը կարևոր պաշտոններում նշանակում էին իրենց հարազատներին՝ անկախ նրանց կարողություններից, և ավելի շատ թշնամանքի մեջ էին մրցակից խմբավորումների, քան օտարերկրյա զավթիչների հետ։ Օսմանյան կայսրությունը խեղդվեց ներքին ինտրիգների մեջ, իսկ Խորհրդային Միությունում տարեց առաջնորդների շրջապատը տարիներ շարունակ կառչած էր անձնական իշխանությունից, մինչդեռ երկիրը լճանում և քայքայվում էր։