կարևոր
1087 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-28 15:42
Քաղաքական

ՀԷՑ-ի շուրջ շարունակվում են երկրի էներգետիկ անվտանգության համար խիստ վտանգավոր գործընթացները․ Վահե Դավթյան

ՀԷՑ-ի շուրջ շարունակվում են երկրի էներգետիկ անվտանգության համար խիստ վտանգավոր գործընթացները․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․

««Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի շուրջ շարունակվում են երկրի էներգետիկ անվտանգության համար խիստ վտանգավոր գործընթացները:

Մի կողմ դնելով տարատեսակ շահարկումները՝ անդրադառնանք ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից 2024 թ. հրապարակված «ՀԷՑ» ՓԲԸ 2023 թ. ներդրումային գործունեության մոնիթորինգային արդյունքներին նվիրված վերլուծական տեղեկանքին:

Դրա համաձայն՝ հոսանքազրկումների միջին հաճախության ցուցանիշը Հայաստանի ողջ տարածքում 2022 թ.-ի համեմատ բարելավվել է շուրջ 8,7%-ով: Միաժամանակ, հոսանքազրկումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է 18,1%-ով: ՀԾԿՀ համաձայն՝ հոսանքազրկումների վերականգման միջին տևողությունը հանրապետության տարածքում բարելավել է 18,3%-ով: Ինչ վերաբերում է մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին հաճախության և տևողության ցուցանիշներին, ապա դրանք բարելավվել են համապատասխանաբար 3,1% և 8,9%-ով: Ներդրումային ծրագրի կատարման ցուցանիշը կազմել է 91,1%:

ՀԾԿՀ այս գնահատականները վկայում են, որ ՀԷՑ-ի կողմից «ժողովրդին հասցրած վնասների» մասին հայտարարությունները բացարձակ մերկապարանոց են:

Գանք հարցի ռազմավարական տիրույթ:

Նախ՝ ընկերության պետականացման արդյունքում երկրի էներգետիկ անվտանգության համակարգը և, առհասարակ, տնտեսությունը առերեսվելու են լրջագույն ռիսկերի: Աշխարհում Էլցանցերի պետականացման նախադեպերն իրականում այդքան էլ շատ չեն: Այսպես, 2006 թ.-ին Բոլիվիայում ցանցերի պետականացման արդյունքում էապես աճել է անջատումների թիվն ու արձանագարվել ներդրումների շարունակական կրճատում: Նույն պատկերն է ստեղծվել 2012 թ.-ին Հունգարիայում, երբ աջ պոպուլիստ Վիկտոր Օրբանը հայտարարեց «տնտեսական հայրենասիրության» կոնցեպտի մասին, որի ներքո իրականացված էլցանցերի պետականացումը հանգեցրեց համակարգային խնդիրների:

Քաղաքական նպատակներով իրականացված սակագների իջեցումը 10%-ով ոչ միայն կարճաժամկետ բնույթ ունեցավ՝ այնուհետև վերածվելով դինամիկ աճի, այլև հանգեցրեց համակարգի տեխնոլոգիական «ծերացման»:

Էլցանցերի պետականացումն անխուսափելիորեն բերելու է սակագների աճին: Այս իշխանությունների օրոք՝ 2018 թ.-ից ի վեր, Հայաստանում էլեկտրաէնեգիայի սակագինն աճել է միջինում 4,7 դրամով, ընդ որում՝ ՀԷՑ-ի մարժան մնացել է անփոփոխ:

Բայց դա հարցի այլ կողմն է: Խնդիրը նրանում է, որ համակարգի արդիականացման համար անհրաժեշտ ներդրումների իրականացման նպատակով կառավարությունը ստիպված է լինելու ավելացնել պետական պարտքը, որի սպասարկումը հնարավոր է լինելու ապահովել սակագների բարձրացման ճանապարհով (այս խնդրին անդրադարձել եմ նաև իմ նախորդ հրապարակումներում):

Մտահոգիչ է նաև հարցի սոցիալական կողմը: 2024 թ. դրությամբ ՀԷՑ-ում աշխատում է շուրջ 6700 մարդ, որոնց աշխատավարձի բարձրացման առաջարկները մշտապես մերժվել են ՀԾԿՀ-ի կողմից՝ սակագների վրա լրացուցիչ բեռից խուսափելու նպատակով:

Այնուամենայնիվ, աշխատավարձի բարձրացումը հնարավոր է եղել ապահովել բացառապես ընկերության սեփական ֆոնդերի միջոցով: Հաշվարկները ցույց են տալիս, որ 2015 թ.-ից ի վեր այս ուղղությամբ ընկերությունը ծախսել է շուրջ 30 մլն ԱՄն դոլար՝ առանց սակագնի մեջ ներառելու:

Պատրա՞ստ է արդյոք պետությունը ստանձնել նման պատասխանատվություն: Հարցը հռետորական է»: