կարևոր
1864 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-29 17:40
Առանց Կատեգորիա

Մեծ Բրիտանիա եւ Թուրքիա. մերձեցման եւ մերժման գործոններ

Մեծ Բրիտանիա եւ Թուրքիա. մերձեցման եւ մերժման գործոններ
Մայիսի 3-ին Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան ստորագրել են TUDIK պաշտպանական արդյունաբերության խորհրդի պաշտոնական հստակեցումը, որն ամրապնդում է երկրների միջեւ պաշտպանության ոլորտում երկարաժամկետ համագործակցությունը: Լոնդոնում կայացած բանակցությունների մասնակիցները (որոնց թվում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետը, պաշտպնության փոխնախարար Մուսա Հեյբեթը եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանական գնումների նախարար Մարիա Իգլը, երկու երկրների պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչներ) հայտարարել են փոփոխվող գլոբալ անվտանգության եւ ընդհանուր սպառնալիքների խորապատկերին ռազմավարական գործընկերությունը խորացնելու մտադրության մասին: Միաժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մեկնաբանել է Գերմանիայի կողմից Eurofighter 5-րդ սերնդի կործանիչների մատակարարումների արգելափակման մասին լուրերը։ Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են «նույն ուղղությամբ», սիկ Թուրքիայի պայմանագիրը լինելու է հենց Բրիտանիայի, այլ ոչ թե Գերմանիայի հետ։Հիշեցնենք՝ ապրիլի 19-ին գերմանական Handelsblatt թերթը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը արգելափակում է 30 Eurofighter կործանիչների մատակարարումը Թուրքիա՝ Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի ձերբակալության պատճառով:Իհարկե, ԶԼՄ-ների այս հաղորդագրությունը միայն ինդիկատոր է եւ լավ առիթ հիշելու, թե որքան են թուրքերը սկսել ապավինել Լոնդոնի օգնությանն ու աջակցությանը ամեն ինչում եւ միշտ, նըդ որում՝ նույնիսկ այն դեպքում, երբ հավաքական Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբրությունների զարգացմանը քիչ բան է բարեհաճում։

Լայնորեն հայտնի է, որ Անկարայի եւ Լոնդոնի միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը գործնական հարթություն է տեղափոխվել՝ ներառյալ տեխնոլոգիաների փոխանցումը 1980-ականների սկզբից, այսինքն՝ հենց այն պահին, երբ սկսվեց սոցիալիզմի համաշխարհային համակարգի փլուզումը (Հունգարիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, ԳԴՀ), որից հետո ԽՍՀՄ-ում էլ փարթամ ու Լոնդոնի օրհնությամբ ծաղկեցին ապաինտեգրացիոն գործընթացները՝ ինքնիշխանության շքերթ, Ղարաբաղյան հակամարտություն, Թբիլիսյան իրադարձություններ, 1989 թ-ի Ֆերգանայի ջարդեր եւ այլն)։

Մի շարք վերլուծաբաններ ոչ առանց ծանրակշիռ հիմքերի կարծում են, որ հենց բրիտանա-թուրքական դաշինքն է, այլ ոչ թե թուրք-ամերիկյան «եղբայրությունն» է այսօր Թուրքիայի քաղաքական համակարգի առանցքը կազմում։ Իսկ նրանք կարծում են, որ կղզիաբնակները ընդհանուր առմամբ զգալի ազդեցություն են ունենում Անկարայում արտաքին քաղաքական որոշումների կայացման վրա՝ հաճախ թուրքերին օգտագործելով որպես առանձին տարածաշրջաններում (Ղարաբաղ, Սիրիա, Լիբիա) իրենց շահերի լուռ միջնորդ։

Մի բանում հաստատ կասկածել պետք չէ. Անկարայի եւ Լոնդոնի ներկայիս դաշինքը նրանց հարաբերությունների հետեւողական զարգացման արդյունք է եւ հետագա ամրապնդման շանսեր ունի։ Իսկ Թուրքիան իր արտաքին քաղաք նությունն իրականացնելիս միանշանակ ստիպված է նայել Բրիտանական շահերին, թեեւ այդ հարցին կարելի է նայել նաեւ այլ տեսանկյունից։ Դոկտոր Հաքան Օզդեմիրը իր «Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ. անցյալից մինչեւ ներկա» աշխատության մեջ նշել է՝ Թուրքիան այլեւս Արեւմուտքի «ֆորպոստը» կամ նրա «կցորդը» չէ, Եվրոպայի «հարեւանությունը» կամ Եվրոպայի եւ Ասիայի կամ մուսուլմանական եւ քրիստոնեական աշխարհների միջեւ «կամուրջը» չէ։ Թուրքիան ինքնին արդեն իսկ «ուժի կենտրոն» է բազմակենտրոն աշխարհում։ Եվ դատելով մի շարք նշաններից եւ հետազոտողի բնութագրերից՝ Մեծ Բրիտանիան հենց այսպես է ընկալում Թուրքիան։ Այլ կերպ ասած, նույնիսկ Թեմզայի ափին նրանք այժմ ստիպված են նայել Ակ-Սարային։

Վերջին 10 տարիների ընթացքում Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ դիվանագիտական եւ այլ կապերը զգալիորեն խորացել են։ Համենայնդեպս, սա է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գնահատականը 2023ին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։ Այս համագործակցությունը հատկապես արդիական է այն պայմաններում, երբ Թուրքիան խնդիրներ է ունեցել ոչ միայն ԱՄՆ – ի եւ ԵՄ-ի, այլեւ պաշտպանական արդյունաբերության գծով եվրոպկան ավանդական գործընկերների՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ հարաբերություններում։ Բացի այդ, Թուրքիան դեռեւս գտնվում է արեւմտյան երկրների կողմից բարձր տեխնոլոգիաների փոխանցման կարիք ունեցող պաշտպանական արդյունաբերության արտադրանքի ներմուծման էմբարգոյի տակ:

Ընդ որում՝ Անկարան եւ Բրյուսելը (եւ ԵՄ առանձին երկրներ) վերջին ժամանակներս մերձեցման պատրաստակամություն եւ նշաններ են ցույց տալիս, այդ թվում նաեւ ռազմատեխնիկական համագործակցության առումով։ Դա հաստատվում է Էրդողանի՝ վերջերս Իտալիա կատարած այցի արդյունքներով։ Baykar Teknoloji-ի տեխնիկական տնօրեն, աշխարհահռչակ Bayraktar TB2 եւ Akıncı անօդաչու թռչող սարքերի մշակող Սելչուկ Բայրաքթարը պատահական չէ, որ հաստատել է, որ իր կոնցեռնը իտալական Leonardo ընկերության հետ համաձայնագիր է կնքել բարձր տեխնոլոգիաների եւ ԱԹՍ-ների մշակման եւ արտադրության վերաբերյալ: Առայժմ Թուրքիայի եւ ԵՄ-ի այս մերձեցման հռչակագրերն ավելի շատ են, քան գործնական բաղադրիչը, ինչն ակնհայտորեն չես ասի բրիտանա-թուրքական խորը եւ բազմապլանային փոխգործակցության մասին։ Հատկանշական է՝ եվրոպական աղբյուրները Թուրքիային չեն նշում «եվրոպական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի իրացման առաջնային շուկա», ինչպսե դա անում են բրիտանացիները։

Brexit-ից հետո, «Գլոբալ Բրիտանիա» կարգախոսով քաղաքականություն վարելով՝ Լոնդոնում ձգտում են ավելի մեծ անկախություն ձեռք բերել ԵՄ պաշտպանական բլոկից եւ գտնվում են նոր տարածաշրջանային գործընկերների որոնման մեջ, հատկապես Մերձավոր Արեւելքում, Բալկաններում, Կովկասում, Հյուսիսային Աֆրիկայում աշխարհաքաղաքական ճգնաժամերի գոտիներում:

Ոմանք կարծում են՝ Անկարայի եւ Լոնդոնի մերձեցումը կարող է նոր ռազմավարական գործընկերության սկիզբ լինել։ Եվ այստեղ կարեւոր է պարզել, թե որոնք են պաշտպանության եւ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման պատճառները, դրա ներկա վիճակը, շրջանակները եւ հնարավոր հետեւանքները:

Առաջին հերթին, այդ պատճառների շարքում նպատակահարմար եւ արժանի են ընդգծման հետեւյալները.

Նախ, ի տարբերություն այդ ոլորտում Անկարայի ավանդական գործընկերների, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան եւ Ֆրանսիան, Լոնդոնը 2016 թ-ի ամռանը հեղաշրջման փորձի ժամանակ ամբողջ աշխարհին ցույց տվեց լոյալություն ԱԶԿ-ի կառավարության եւ անձամբ Էրդողանի նկատմամբ:Այն ժամանակ բրիտանացիները, անտեսելով ցանկացած այլընտրանքային վարկած, շտապեցին իրադարձություններն անվանել «հարձակում թըորքական ժողովրդավարության վրա», իսկ փոխարտգործնախարար Ալան Դանքանը Թուրքիա էր մեկնել արդեն հուլիսի 20-ին։ Նույն թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը նաեւ Թուրքիա այցելության ժամանակ աջակցություն հայտնեց Անկարային։

Այն փաստը, որ իշխանությունները պուտչն օգտագործել են հենց այդ «ժողովրդավարության» վրա հարձակվելու համար, աշխարհում առաջին խորհրդարանական ժողովրդավարության ներկայացուցիչներին ոչ մի կերպ չի շփոթեցրել։ Արդեն 2017-ի հունվարին Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում վրչապետ Թերեզա Մեյը հայտարարեց պաշտպանության, անվտանգության եւ առեւտրի ոլորտներում համագործակցության զարգացման մասին: Ինքնին, այդ փաստերը, Անկարայի կարծիքով, շրջադարձային պահ, խթան դարձան խորը փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար։

Երկրորդ, Թուրքիայի խնդիրները ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի՝ Անկարայի ավանդական պաշտպանական գործընկերների հետ հարաբերություններում, ինչպես նաեւ նրանց հետ ԵՄ սահմանագծին լարվածությունը ստեղծում են նոր արեւմտյան գործընկերների անհրաժեշտություն։ Ավելին, Մեծ Բրիտանիան, ի տարբերություն վերը նշված երկրների, Թուրքիային փոխանցում է տեխնոլոգիաներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիան եւ տիեզերքը, ռեակտիվ շարժիչները, արհեստական բանականության համակարգերը, արբանյակային կապը, հրթիռները, սուզանավերը, ինչպես նաեւ որոշակի արտոնություններ է տրամադրում հետազոտությունների եւ զարգացման ոլորտում։

Երրորդ, երկրների միջեւ համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման օգտին մեկ այլ կարեւոր գործոն կայանում է միջազգային բարդ հակասություններում միջնորդական դեր խաղալու Լոնդոնի մտադրության մեջ (Անկարայի եւ Վաշինգտոնի, Անկարայի եւ Բրյուսելի միջեւ եւ վերջապես Անկարայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ)։ Բրիտանացիների սերտ կապերը Վաշինգտոնի հետ, ազդեցությունը ՆԱՏՕ-ում եւ համեմատաբար ամուր կապերը ԵՄ-ի հետ, չնայած կազմակերպությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, դեռեւս թույլ են տալիս նրանց զգալի աջակցություն ցուցաբերել թուրք գործընկերներին:

Չորրորդ, Մեծ Բրիտանիայի միջազգային քաղաքականությունը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում ճգնաժամյին գոտիներում, ինչպիսիք են անօրինական ներգաղթը, ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարը, ճգնաժամը Սիրիայում, Լիբիայում, արեւելյան Միջերկրական ծովում, Սեւ ծովում, Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում, մեծապես համընկնում է Թուրքիայի մոտեցումների հետ: Եվ այստեղ երբեմն դժվար է պարզել, թե որտեղ է պատճառը, եւ որտեղ է հետեւանքը կամ ածանցյալը:

Տեսանե;ի է՝ Մեծ Բրիտանիան գործնականում իրեն թույլ չի տալիս քննադատել թուրքական արտաքին եւ ներքին քաղաքականությունը։ Հնարավոր է՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ընդարձակ տարածաշրջանում Բարձր դռան գործողությունները, ավելի շուտ, հանգեցնում են Մեծ Բրիտանիայի վաղեմի, պատմական մրցակցի՝ Ֆրանսիայի դիրքերի թուլացմանը։ Սա առաջին հերթին վերաբերում է Մաշրիկի տարածաշրջանին (Լիբանան, Սիրիա), ինչպես նաեւ ֆրանսիական Աֆրիկային, ինչին իր ուսումնասիրություններում ուշադրություն է դարձրել միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի փորձագետ Ժաննա Ժաբուրը:

Աֆրինում Թուրքիայի պրոակտիվ քաղաքականությունն՝ ուժային բաղադրիչի կիրառմամբ, վերաբերում է միայն այն պետություններին, որոնք չեն պատկանում ազգերի Բրիտանական Համագործակցության երկրներին։ Վերջիններիս հետ Անկարան զգուշավոր է, շրջահայաց եւ քաղաքավարի։ Անգլիացիները, ըստ երեւույթին, փոխադարձաբար պատասխանում են թուրքերին արեւմտյան ուղղությամբ։

Հատկանշական է՝ բրիտանական կառավարությունը դեմ է արտահայտվել Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելու ԵՄ որոշմանը եւ արգելափակել դրա ընդունումը: 2022 թ-ի մայիսին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության այն ժամանակվա ղեկավար Իսմայիլ Դեմիրն այցելել է Մեծ Բրիտանիա, ինչը հանգեցրել է Թուրքիային պաշտպանական արդյունաբերության արտադրանքի վաճառքի որոշ սահմանափակումների վերացմանը։

Հարկ է առանձին նշել՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի համակարգված գործողություններն ավելի հստակ են դարձել։ Արդյունքում 2023 թ-ի սկզբին Լոնդոնում Թուրքիայի եւ Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանատներին կից ստեղծվել են պաշտպանական արդյունաբերության կոորդինացիոն գրասենյակներ։

Միեւնույն ժամանակ, հիմքեր չկան անտեսելու այն գործոնները, որոնք օբյեկտիվորեն սահմանափակում կամ զսպում են Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացումը։ Օրինակ, խոսքը պատմական հիշողության մասին է՝ ներառյալ Բրիտանական կայսրության ոչ պակաս կարեւոր դերը Օսմանյան կայսրության կազմաքանդման գործում։ Ավելի քան մեկ դար առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Արաբական Արեւելքը փոթորկվեց բրիտանացի հետախույզ Լոուրենս Արաբացու կողմից, որի կերպարն ակնհայտորեն մթագնում է համագործակցությունը թուրքական շրջանակների շրջանում, որոնք ծանրաբեռնված չեն կարճ հիշողությամբ։ Երիտթուրքական վարչակարգի կողմից պարտված Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում անգլիացիները քաղաքական եւ ռազմական առումով մի քանի տարի աջակցում էին Հունաստանին, որի արշավախմբային կորպուսը 1919 թ-ին վայրէջք կատարեց Իզմիրում, սակայն մի քանի տարի անց քեմալականների կողմից ջախջախվեց Սաքարիայի մոտ․․․

Կիպրոսի խնդիրը նույնպես չպետք է անտեսել. Ակրոտիրիի եւ Դեքելիայի բրիտանական ռազմական բազաները գտնվում են կղզու հարավային (հունական) մասում։

Բրիտանիայի խաղադրույքը Արեւելքում այլ դաշնակիցների վրա (Հորդանան, Եգիպտոս, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Քաթար, Բահրեյն) մասամբ համահարթեցնում են բրիտանա-թուրքական «հատուկ» հարաբերությունները։ ԱՄՆ-ի առջեւ եւ ՆԱՏՕ-ի եւ AUKUS-ի շրջանակներում ստանձնած որոշ պարտավորություններ մասամբ շեղում են ռեսուրսները Մերձավոր Արեւելքից:

Եվ, վերջապես, գլխավորը՝ Էրդողանի կառավարության ձգտումն՝ օգտվել իր տարանցիկ ներուժից, աշխարհառազմավարական դիրքից, միայն մի մասով է համընկնում Մեծ Բրիտանիայի ծրագրերի հետ։ Լոնդոնն օբյեկտիվորեն շահագրգռված է իր առեւտրատրանսպորտային մենաշնորհի ամրապնդմամբ՝ Հարավային երթուղու պահպանմամբ, այն դեպքում, երբ Անկարան շահագրգռված է իր տարանցիկ ներուժի գործարկմամբ (խոսքը թուրք-իրաքյան «Զարգացման ուղու», թե  «Գոտիներ եւ ուղիներ» նախագծի կամ միայն էներգակիրների տարանցման կամ թորքական տարածքով վերաարտահանման մասին է)։ Վերջինս երկարաժամկետ հեռանկարում օբյեկտիվորեն կմղի Բրյուսելին եւ Անկարային մերձեցման, այն դեպքում, երբ որոշ թեմաներում Լոնդոնի եւ Բրյուսելի քաղաքական երթուղիները համընկնում են, իսկ մյուսներում՝ հակասում։

Եվրոպական բիզնեսն ու եվրոպական լոբբին Թուրքիայում ներկայացված են ճիշտ այնպես, ինչպես բրիտանացիները։ Ի դեպ, հանրապետությունում իշխանության հավակնող ընդդիմադիր ԺՀԿ-ն եւ նրա թեկնածուները սերտորեն կապված են եվրոպական իսթեբլիշմենթի հետ։ Եվրոստատի եւ Թյուրքստատի տվյալները հաստատում են՝ հենց Բրյուսելն է եղել եւ մնում Թուրքիայի գլխավոր արտաքին առեւտրային գործընկերը՝ անկախ եվրոպական միավորման անդամակցության հեռանկարներիցեւ այստեղ անգլիացիներն ի վիճակի չեն Թուրքիային գրավիչ այլընտրանք առաջարկել։

 

Յուրի Կուզնեցով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի