|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ավարտին դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին ևս 3 ամիս թողնել անազատության մեջ։ Դատարանն այդպիսով չի բավարարել փաստաբանների ներկայացրած՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
Սուրեն Մանուկյանն այս որոշմանն արձագանքեց սուր կերպով՝ հայտարարելով. «Թքե՛մ ձեր վրա էլ, ձեր արդարադատության վրա էլ: Տարիներ հետո սրա պատասխանը կստանաք: Սրիկաներով, հանցագործներով հավաքվել՝ որոշում եք, որ ես հանցագործ ե՞մ»:
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։
Հայտնենք նաեւ, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը բազմիցս հայտնել է, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։