կարևոր
3694 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-02 22:39
Հասարակություն

Դիլիջանի քրեականի պետը ձերբակալվել է. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի

Դիլիջանի քրեականի պետը ձերբակալվել է. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Ավելի վաղ ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:

Հիշեցնենք՝ armlur.am-ը հրապարկել էր տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։